четверг, 27 июня 2013 г.

Հիսուս Քրիստոսի այսօրվա Ուղերձը



Ուսմունքի հիմունքների և
Ուսմունքի փոխանցման
անընդհատության մասին

Պաշտելի Հիսուս
27 հունիսի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Հիսուս:
Ինձ Աստծո Որդի կոչեցին Ուսմունքի այն հետևորդները, որոնք եկան իմ խաչելությունից և համբարձվելուց հետո:
Ուսմունքի շատ դրույթներ, որոնք ես իմ աշակերտներին տվեցի այդ կյանքիս ընթացքում, հետագայում շատ փոփոխություններ կրեցին՝  երբեմն փոքր-ինչ աղավաղվելով, երբեմն էլ այնպիսի արմատական փոփոխություններ կրելով, որ արդեն հնչում էին լրիվ հակառակ իմաստով: Եվ դրանում մեղավոր էին ոչ այնքան իմ աշակերտները, որքան այն տգիտությունը, որն այն ժամանակ տիրապետող էր Երկրում և, ցավոք, շարունակում է տիրապետող լինել նաև ձեր օրոք:
Պահանջվեց ամբողջ 2000 տարի, մինչև որ Երկրի այն մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա են համարում, սկսեն իրենց՝ թեկուզ չնչին ինչ-որ մասով ընկալել Վերամարմնավորումների և Կարմայի Օրենքներին վերաբերող իմ Ուսմունքները:
Եթե դուք անաչառ կերպով վերընթերցեք թեկուզ այն Ավետարանական տեքստերը, որոնք հասել են ձեզ, ապա կնկատեք, որ այսուայնտեղ սփռված են այդ հիմնարար Ուսմունքներին վերաբերող որոշակի ակնարկներ: Եվ դրանք հասկանալի կլինեն յուրաքանչյուրին, ով տեքստը կարդում է ոչ թե իր արտաքին գիտակցության պրիզմայի միջով, այլ իր ամբողջ սրտով:
Շատ բաներ, որոնք կորսվում են, կամ դրանց բավարար նշանակություն չի տրվում, կարող են հանգեցնել բուն Ուսմունքի և դրա էության ոչ ճիշտ մեկնաբանությանը:
Եվ անցողիկ ու անանց մարդու մասին խոսքն էլ է անհասկանալի դառնում, եթե դուք տեղյակ չեք Կարմայի և վերամարմնավորումների Օրենքներից: Այդ խոսքերն անհասկանալի են մնում նաև այն դեպքում, երբ մարդուն դիտում եք որպես միս ու արյուն, բայց և ձեր ուշադրության տակ եք առնում նրա հոգին և Աստծո Ոգին, որոնք առկա են ամեն մի մարդու մեջ:
Կարելի է ազդել մարդու խղճի վրա և նրան ահաբեկել Աստծո պատժով: Եվ դա կարող է իր ազդեցությունն ունենալ չզարգացած գիտակցության վրա: Բայց այն դեպքում, երբ մարդն իր պրպտուն մտքով սկսում է ճանաչել աշխարհակառույցի օրենքները, ահաբեկելն ու կարգի հրավիրելը դադարում են ազդեցություն գործել: Այդ դեպքում վատագույն արդյունքը կլինի այն, որ մարդը երես կթեքի Աստծուց և Նրա սպասավորներից. կմերժի եկեղեցին և բուն հավատը:
Այնուհանդերձ առավել զարգացած անհատներն իրենց թույլ են տալիս ավելի առաջանալ աշխարհն ու դրա կառուցվածքը ճանաչելու գործում: Եվ Ավետարանի այն խոսքը, թե՝ «ինչ որ ցանես, այն էլ կհնձես», նրանց համար ձեռք է բերում իր ճշմարիտ իմաստը:
Հիրավի, առանց հասկանալու մարդու այս և անցած կյանքերի արարքների փոխկապակցվածությունը՝ արտաքին գիտակցությանը հնարավոր չէ բացատրել, թե ինչու պետք է պահապանել բարոյականության օրենքը և հետևել որոշակի բարոյական նորմերի ու կանոնների:
Յուրաքանչյուր անհատ պետք է հասնի իր արարքների և այդ արարքների հետևանքների միջև եղած կապի գիտակցմանը: Առանց այդ կապը հասկանալու՝ հնարավոր չէ բացատրել ձեր աշխարհում առկա շատ անարդարություններ, ինչպիսիք են՝ ունեցվածքային անհավասարությունը, ոմանց կաստայական արտոնություններն ու մյուսների աղքատությունը, ոմանց հյուծող ծանր տկարություններն ու մյուսների անթերի առողջությունը:
Ինչու՞ են ոմանք վաղաժամ մահանում, իսկ մյուսներն ապրում երկար կյանքով... Այդ ամենի պատճառները կարելի է գտնել միայն անցած կյանքերում, և երբեմն դրանք բացարձակապես հնարավոր չի լինում բացատրել ընթացիկ մարմնավորման և մեկ կյանքի հանգամանքների տեսանկյունից:
Ուստի խնդիրներից մեկը, որն ուզում են լուծել Համբարձյալ Վեհապետները՝ Ուսմունքը փոխանցելն է այն տեսքով, որ այն ընկալելի լինի ներկայումս ապրող մարդկության գիտակցության համար: Ուսմունքի փոխանցման անընդհատությունն այն բանի երաշխիքն է, որ մարդկությունը մշտապես իր տրամադրության տակ փրկարար ճոպան կունենա, որի միջոցով Ուղով առաջ մղվողները կկարողանան դուրս ելնել կյանքի փոթորկուն ջրերի տակից:
Առանց Ուսմունքի փրկարար ճոպանի, առանց դրա անընդհատ նորացման և անընդհատ փոխանցման՝ մարդկությունը շատ արագ կգահավիժի դեպի անասնական գոյություն և այլևս ունակ չի լինի ջոկելու Լույսը խավարից, ճշմարտությունը՝ ստից, բարեպաշտական վարքը՝ մեղսականից:
Ցավոք սրտի, չնայած մեր կողմից անխոնջ կերպով գործադրվող ջանքերին՝ մարդկության որոշակի մասն ուշադրություն չի դարձնում  մեր խրատներին և շարունակում է ապրել այնպես, կարծես առջևում մահից բացի ոչինչ չկա:
Մարդկային այն սերունդները, որոնք իրենց գիտակցությամբ հեռանում են Աստծուց և չեն ուզում ճանաչել աշխարհակառույցի հավերժական Օրենքը, այնպիսի հետևանքներ են ծնում իրենց հետնորդների համար, որոնք տանում են դեպի լրիվ հետզարգացում և բարոյազրկություն: Բարոյական նորմերի խախտումն արդեն ընկալվում է որպես ընդունված բան:
Եթե մարդկային մի սերնդի գիտակցությունից ջնջվում է Կարմայի Օրենքին վերաբերող գիտելիքը, ապա հաջորդ սերունդներն ավելի ու ավելի են գլորվում դեպի անաստվածություն և բարոյական նորմերի խախտում, քանի որ մարդիկ դադարում են կապ զգալ իրենց գլխին թափվող դժբախտությունների և իրենց սեփական արարքների միջև, որոնք հանգեցրել են այդ դժբախտություններին:
Եկեղեցական կառույցը, որը կոչված է մարդկանց պահելու Աստվածային Օրենքի շրջանակներում, իր նշանակությունը կորցնում է այն բանին զուգընթաց, երբ մարդիկ կորցնում են հավատը և հեռանում բարոյական իդեալներից:
Այդ պայմաններում մարդկության միակ փրկությունն այն է, որ Աստծուն ու ճշմարիտ հավատին վերադառնալն ընկալեն որպես գիտակցության վիճակ: Աստծուն պատկերացնեն ոչ թե որպես եկեղեցական սրբապատկերի վրա պատկերված ծերուկ, այլ որպես ներքին Լույս, որը թափանցում է համայն Արարչության միջով, ներկա է բոլոր արարածների սրտերի խորաններում և զարգացման այս փուլում ունակ է մարդկությանն օգնութուն ցուցաբերելու:
Աստծո այն ըմբռնումը, որ Նա ոչ թե տաճարներում է ապրում, այլ իրենով լցրել է շրջակա ամբողջ տարածությունը՝ էվոլյուցիոն զարգացման այս փուլում կարող է ընկալելի լինել մարդկանց մտքերի համար: Եվ աշխարհին տիրած այս քաոսի պայմաններում կայունության միակ կարգավորիչն ու երաշխավորը ներքին ղեկավարը կլինի՝ մարդու խիղճը կամ Աստված, որը ներկա է յուրաքանչյուր մարդու ներսում:
Մենք ձեզ այցի ենք գալիս այն հույսով, որ ձեզնից շատերն ունակ են հասկանալու մարդկության զարգացման այս փուլում մեր մատուցած ճշմարտությունները: Անկեղծ հույսեր ենք փայփայում, որ այդ ճշմարտություններն աճ կտան ձեր սրտերում, և դուք միասնական կդառնաք այն Ուսմունքի հետ, որը մենք տալիս ենք:
Երբ դուք ձեր զարգացմամբ հասնում եք այդ փուլին, միասնական եք դառնում ներքին ճշմարտության կամ ձեր սրտերում ներկա Աստծո հետ. դուք ձեր աշխարհի համար դառնում եք Լույսի և գիտելիքի աղբյուր: Եվ ձեր աշխարհում որքան շատ լինեն այդպիսի լուսատուները, այնքան ավելի շատ երաշխիքներ կլինեն, որ աշխարհը կվերականգնի իր կայունությունը և կդադարի ճոճվելուց այն ամեն տեսակի սուտ ուսմունքների ու դավանաբանությունների պատճառով, որոնք մարդկային տգիտությունն ու ահերն օգտագործում են, որպեսզի բավարարություն տան առանձին անհատների շահադիտական նպատակներին:
Ես լիահույս եմ, որ մեր Դեսպանորդի միջոցով տրվող այս Ուղերձները կարդացող յուրաքանչյուր ոք կկարողանա ձեռք բերել ներքին հավատի անսպառ աղբյուր և իր կայունությամբ ու անսասան հավատով դիմակայել աշխարհի բոլոր ցածրակարգ արտաքին դրսևորումներին:

ԵՍ ԵՄ Հիսուս

Տատյանա Միկուշինա, 2013 թ.
թարգմանեց Խ. Մանասելյանը   





Комментариев нет:

Отправить комментарий