пятница, 21 июня 2013 г.

Սանատ Կումարայի (Հայր Արամազդի) նոր Ուղերձը



Ես ձեզ օգնության ձեռք եմ մեկնում



Սանատ Կումարա

20 հունիսի, 2013 թ.



ԵՍ ԵՄ Սանատ Կումարան:

Երկրի մարդկության նկատմամբ իմ հայրական զգացմունքները ստիպում են ինձ այցի գալ ձեզ:

Իմ այս Ուղերձը տալուս պահին ոչնչի հետ չհամեմատվող սարսուռ եմ զգում: Ինչպես միշտ, ես կուզենայի իմ գիտակցության, իմ ընկալումների, իմ հավատի և Աստծուն ու Նրա Օրենքին իմ նվիրվածության մի մասնիկը փոխանցել ձեզ:

Ընդամենը մի ակնթարթում դուք ի վիճակի եք ձեր աուրայի մեջ ստանալու իմ նվաճումների ամբողջ պաշարը, երբ կարդում կամ լսում եք իմ Ուղերձը: Միակ խոչընդոտը՝ ձեր մարմնական խելքի, ձեր էգոյի դիմադրությունն է: Ստանալն անհնարին է ձեզ համար, քանի դեռ չեք կարողանում ընդունել: Իսկ չեք կարողանում ընդունել, քանի որ ձեր էգոն մեր միջև պատնեշ է ստեղծում:

Ուստի ամեն անգամ գալով՝ մեր հիմնական խնդիրն ենք դարձնում ձեր էգոյի հաղթահարումը: Մենք կարող ենք հասնել մեր Միասնությանը և Ոգով միավորվել միայն այն դեպքում, եթե ընդառաջ գնանք մեկս մյուսին:

Ես գալիս և ձեզ եմ մեկնում իմ օգնության ձեռքը: Սակայն դուք նույնպես պետք է ջանքեր գործադրեք և ձեր ձեռքը մեկնեք դեպի ինձ:

Ես չեմ հոգնում կրկնելուց, որ դուք պետք է ձեր ջանքերն անընդհատ գործադրեք, որպեսզի կայանա մեր համագործակցությունն ու Աստծո մեջ մեր Միասնությունը: Այնպես չէ, որ այսօր կարող եք ընթանալ Ուղով և հետևել մեր հանձնարարականներին, իսկ վաղը կրկին տրվել ձեր էգոյի քմայքներին: Չեք կարող այսօր մեր աշակերտը լինել, իսկ վաղը մոռանալ այդ մասին:

Ձեր գործողությունների՝ ձեր նախընտրանքների և ջանքերի հետևողականություն և կայունություն՝ ահա այն, ինչին մենք անխոնջ կերպով ձգտում ենք հասնել և կոչ ենք անում հետևել դրանց:

Ամեն անգամ, երբ մեր Ուղերձներով ոգեշնչվելով որոշում եք ընթանալ մեր մատնանշած Ուղով, հենց հաջորդ օրը մի՛ մոռացեք ձեր այդ որոշման մասին:

Ձեր ժամանակներում մատերիայի դիմադրությունը հասել է իր գագաթնակետին: Ուստի ձեր ամբողջ էությամբ պետք է ջանքեր գործադրեք պատրանքային ուժերը հաղթահարելու ուղղությամբ: Դուք կարող եք դա անել: Ի վիճակի եք հաղթահարելու ցանկացած արտաքին ու ներքին բացասական ուժ ու էներգիա: Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է դրա համար՝ ձեր ցանկությունն է ու նպատակամղվածությունը, նվիրվածությունն ու կայունությունը:

Իսկ որպեսզի այդ որակները կարողանաք դուրս կորզել ձեր էության միջից, անհրաժեշտ է, որ ալմաստի պես ամուր հավատ ունենաք՝ հիմնված համայն Արարչության նկատմամբ անվերապահ սիրո խոր զգացման վրա:

Դուք չեք կարող ակնթարթորեն վերակառուցել ձեր էությունը և համալարվել Հիերարխիայի հետ: Բայց կարող եք դրան հասնել հարկ եղած ուղղությամբ աստիճանական և ամենօրյա քայլեր կատարելով: Մեր տված խորհուրդներն ու հանձնարարականները բավարար են, որպեսզի վստահորեն առաջ ընթանաք Աստծո մոտ վերադառնալու ձեր Ուղով:

Ընդամենը պետք է մշտապես հիշեք մեր մասին և համահնչունություն պահպանեք ձեր սրտերում: Եղբայրությունը հենց դրա համար է այսքան ջանքեր գործադրում: Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք Ուղերձներ տալու, Համբարձյալ Դասերի միլիոնավոր ներկայացուցիչներ օգնության են շտապում և նպաստում ամեն մի Ուղերձի փոխանցմանը: Ուստիև՝ մեր Ուղերձներն ամենաթանկարժեք գանձերն են ձեր աշխարհի համար: Դրանք նյութականացված Աստվածային էներգիայի նմուշներ են: Ութ ու կես տարի է արդեն, ինչ մեր էներգիաներն ու թրթիռները կաթիլ առ կաթիլ թափանցում են ձեր աշխարհ:

Մենք անկեղծորեն հույս ենք կապում, որ դուք արժանապատվորեն և խնամքով կտնօրինեք մեր էներգիաները և մեզնից ստացած գիտելիքներն ու Աստվածային Օրենքի ըմբռնումը:

Ամեն անգամ, երբ կարդում եք մեր Ուղերձները, մի պահ մտորեք այն մասին, թե որքա՜ն ջանքեր են գործադրվում դրանք ձեր աշխարհ  փոխանցելու համար: Եվ եթե դուք կարողանայիք մեր կանչին արձագանքել մեր ջանքերին համարժեք ձեր ջանքերով, ապա Աստվածային Օրենքի պայմանը բավարարված կլիներ և մեր օկտավաների միջև էներգիաների փոխանակությունը կհասներ իր ավարտին: Իսկ դա իր հերթին կլիներ այն բանի ապացույցը, որ Երկիր մոլորակի կենսահոսքերն ունակ են շարունակելու իրենց հետագա զարգացումն Աստծո մեջ:

Սակայն դա տեղի չի ունենում: Եվ դրանում ինքներդ կարող եք համոզվել ձեր իսկ օրինակով:

Ինչքա՞ն ժամանակ է հերիքում ձեր այն պատրաստակամությունն ու վճռականությունը, որը ստանում եք մեր հերթական Ուղերձը կարդալով. մինչև հեռախոսային առաջին զանգը կամ ընկերների հետ «չաթով» հաղորդակցվե՞լը. մինչև նոր զբաղմունք ու հաճույք ստանա՞լը, որոնցով հրապուրվում եք ձեր աշխարհում. մինչև հեռուստացույցով հերթական ֆիլմը դիտե՞լը...

Դուք չեք կարող մի ակնթարթում մի կողմ նետել ձեզ շրջապատող պատրանքը, բայց կարող եք հաջորդական քայլեր կատարել այն հաղթահարելու ուղղությամբ: Իսկ Ուղին ձեզնից դուրս չէ, որ բացվում է ձեր առջև: Այդ Ուղին ձեր ներսում է բացվում. դա ձեր գիտակցության փոփոխությունն է:

Դուք ինքներդ եք կառավարում ձեր գիտակցության փոփոխության այդ գործընթացը: Ամբողջ արտաքին պատրանքը փռված է ձեր շուրջ, որպեսզի կատարեք ձեր այլընտրանքները և Ուղով առաջ ընթանաք: Սակայն դուք նախընտրում եք ավելի ու ավելի շատ սուզվել այդ պատրանքի մեջ և չբաժանվել դրանից:

Դա ձեր ընտրությունն է և ձեր որոշումը: Համայն տիեզերքում չկա որևէ մեկը, որ ձեր փոխարեն կատարի ձեր ընտրությունը:

Իսկ հիմա փորձեք ձեզ պատկերացնել իմ փոխարեն: Միլիոնավոր տարիներով ես ձեզ ուսուցանում եմ Ուսմունքի հիմունքները: Ես ներկայանում եմ շատ դեսպանորդների և մարգարեների միջոցով: Միլիոնավոր տարիների ընթացքում տալիս եմ միևնույն Ուսմունքը: Տասնյակ ու հարյուր հազար անգամ այդ Ուսմունքը ձեզնից շատերը լսել են Իմ դեսպանորդներից և անձամբ ինձնից՝ Եղբայրության մենաստաններում: Բայց հետո դուք հպվել եք պատրանքային աշխարհին, ձեր աչքերի Լույսը խամրել է, վճռականությունը լքել է ձեզ, և դուք ավելի ու ավելի եք խորասուզվել ձեր աշխարհի պատրանքի մեջ: Այնուհետև հասել է այն պահը, երբ վերջին հույսով ձեր հայացքը հառել եք Երկնքին և օգնություն ու փրկություն խնդրել: Եվ նույն բանը կրկնվել է կյանքից կյանք: Շա՜տ անգամներ...

Ձեզնից ցանկացածը, եթե իմ տեղը լիներ, վաղուց ձեռքը թափ տված կլիներ: Սակայն ես պատասխանատու եմ ձեզնից յուրաքանաչյուրի համար: Եվ, որքան էլ համառեք, միևնույնն է՝ ես էլի կգամ և կշարունակեմ ձեզ ուսուցանել ու խրատել:

Ես չգիտեմ, թե որքա՞ն ժամանակ պետք կգա ձեր հոգուն, որպեսզի հագենա պատրանքային խաղերից և մղվի դեպի Աստվածային գիտակցության լեռնագագաթները, բայց գիտեմ, որ կգա այն պահը, երբ կկարողանաք ձեր գիտակցությունն այնքան վեր հանել, որ տեսնեք զարգացման Աստվածային Ուղու հեռանկարը և ընդմիշտ երես թեքեք ձեր աշխարհի պսպղուն խաղալիքներից:

Ես մաղթում եմ ձեզ, որ ճշմարտության այդ պահը ձեզ համար վրա հասնի հենց ձեր այս մարմնավորման ընթացքում: Մաղթում եմ, որ քայլ կատարեք դեպի անսահմանություն և հնարավորինս շուտ դուրս պրծնեք ձեզ կաշկանդող պատրանքի սահմաններից:

Ես ձեզ եմ մեկնում իմ ձեռքը և համբերությամբ սպասում եմ, թե երբ կկարողանաք մոտենալ և բռնել այն:



ԵՍ ԵՄ Սանատ Կումարան: ՕՄ



Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը


Комментариев нет:

Отправить комментарий