воскресенье, 23 июня 2013 г.

Մարիամ Աստվածածնի այսօրվա Ուղերձը

Թույլ տվեք Աստծուն մուտք գործել ձեր կյանք

Մայր Մարիամ
23 հունիսի, 2013 թ.

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը:
Ես եկել եմ: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ մասին կլինի մեր այսօրվա զրույցը:
Ես կարծում եմ, որ դուք կուզենայիք ինձ հետ զրուցել շատ բաների մասին: Եվ հարցնել շատ բաների մասին: Այնուհանդերձ, ես այսօր խաղաղ զրույցի համար չեմ եկել: Ես վճռականորեն եմ տրամադրված և պատրաստ եմ լուրջ զրույցի, որն այժմ կկայանա:
Ես կուզենայի ձեզ հետ զրուցել ձեր սպասավորության և ձեր պարտավորությունների մասին: Ձեզնից շատերը մարմնավորվելուց առաջ շատ պարտավորություններ են ստանձնել, որոնք կապված են աշխարհին մատուցվելիք իրենց սպասավորության հետ: Սակայն այժմ նրանք մոռացել են  իրենց այդ պարտավորությունների մասին: Եվ դա շատ ցավալի է: Հատկապես ցավալի է դա այս պահին, երբ մոլորակի իրավիճակը շարունակում է բարդանալ. խավարը փակել է մարդկանց աչքերը և թույլ չի տալիս լիաթոք շնչել, մղվել դեպի վերածննդի լուսավոր ու բերկրալից էներգիաները:
Խոսքս ամենից առաջ վերաբերում է իմ սիրելի Ռուսաստանի բնակիչներին: Բայց նաև պատրաստ եմ զրուցելու աշխարհով մեկ սփռված իմ սիրելի զավակներից շատերի հետ:
Ես բերկրանք եմ զգում այնժամ, երբ մենք միասին համատեղում ենք մեր ջանքերը և համատեղ աղոթում աշխարհի համար: Եվ տրտմությունն է ինձ պատում այնժամ, երբ աղոթողների շարքերը նոսրանում են և րոպեական զվարճությունները ձեզ կտրում են գլխավորից՝ ձեր աշխարհի ցանկացած բացասական ուժերի և դրսևորումների դեմ աղոթքային հակամարտության մեջ մտնելուց:
Մենք մեր համատեղ աղոթքով ունակ ենք փոխելու ցանկացած երկրի ցանկացած իրադրություն: Մեր համատեղ աղոթքով կարող ենք կանխել ամենածանր իրավիճակը և այն ուղղորդել դեպի թեթև ու բերկրալից Աստվածային հուն:
Ես պատրաստ եմ ձեր աղոթքի պահին լինելու ձեզ հետ: Պատրաստ եմ միանալու այն մարդկանց, ովքեր իրենց աղոթքն անկեղծորեն ուղղում են ինձ և օգնություն խնդրում:
Տերը ձեզ չտեսնված հնարավորություններ է տալիս: Տերը պատրաստ է մոտենալ ամեն մի նկրտում ունեցողի, ով անկեղծ աղոթում է: Եվ ես նույնպես Նրա հետ կլինեմ ձեզնից յուրաքանչյուրի կողքին:
Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կգա ձեր անկեղծ աղոթքի պահը, որպեսզի գամ և ուժեղացնեմ այն: Երբեմն մոտենում եմ ձեզնից նրանց, ովքեր պարտավորություն են ստանձնել ամեն օր կարդալու իմ Վարդարանները: Բայց որքա՜ն մեծ է լինում իմ զարմանքն ու հիասթափությունը, երբ աղոթելու փոխարեն դուք խորասուզված եք լինում այնպիսի գործերի մեջ, որոնք ձեզ ավելի կարևոր են թվում: Ես գալիս եմ ձեր աղոթքի ճշգրիտ ժամին, որպեսզի ձեզ հետ աղոթելով ուժեղացնեմ այն: Բայց ես ձեզ տեղում չեմ գտնում: Դա շատ ցավալի է...
Պաշտելիներս, մի՛ վշտացրեք ինձ ձեր անկայունությամբ ու ծուլությամբ: Հասկացե՛ք, այժմ միայն ձեր աղոթքները կարող են փրկել ու շտկել այն իրավիճակը, որը հաստատվել է Ռուսաստանում և աշխարհում: Միայն ձեր աղոթքներո՛վ դուք  կարող եք կասեցնել ամենաահավորը...
Ես խնդրում և աղաչու՜մ եմ ձեզ...
Չէ՞ որ առանձնապես բարդ բան չէ, սիրելինե՛րս, որ նույնիսկ այն դեպքում, երբ ժամանակ չունեք Վարդարան կարդալու, պազապես ձեր սրտի ամբողջ սիրով ձգտեք դեպի ինձ: Մեր հայացքները կհանդիպեն, և ես կհասկանամ, որ դուք հիշում եք ինձ, բայց հանգամանքները թույլ չեն տալիս, որ այդ օրն աղոթքին ժամանակ հատկացնեք: Այդ դեպքում ես կգամ հաջորդ օրը, և մենք միասին աղոթքային ջանքեր կգործադրենք հանուն Ընդհանուր Բարօրության:
Մեր համատեղ աղոթքի ուժն այժմ զորեղացված է, ինչպես երբեք: Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ մենք միասին կարող ենք ի չիք դարձնել անցյալում ու ներկայում մարդկանց գործած ոչ ճիշտ արարքների ամենաահավոր հետևանքները, եթե բացասական էներգիաներին հակադրենք մեր հավատն ու կուռ միասնությունը:
Պատկերացրեք, թե այդ դեպքում ինչպիսի՜ հզոր աղոթքային ալիք է անցնում երկրի մի ծայրից մյուսը: Պատկերացրեք, թե աղոթողների ձայներն ինչպես են միայուսվում և վերածվում մեկ միասնական ամպրոպային ձայնի: Եվ այդ ձայնը լսելի է լինում համայն մոլորակում:
Մենք միասին կկարողանաք դիմակայել...
Ահա ասում եմ ձեզ, որ իրավիճակն այնքան ծանր է, որ նույնիսկ դժվար է դրան հավատալը: Եվ միակ բանը, որ հիմա ես ձեզնից խնդրում եմ՝ ձեր աղոթքների էներգիան ինձ առաքելն է, որպեսզի կարողանամ այն տնօրինել իմ հայեցողությամբ:
Վստահե՛ք ինձ ձեր աղոթքային ջանքերը: Ինձնից օգնություն խնդրեք, և ես իմ հրեշտակներին օգնության կուղարկեմ այն իրավիճակներում, որոնք անլուծելի են թվում:
Պատկերացրեք այնպես, որ ես իմ հրեշտակների հետ մուտք եմ գործում ձեր իշխանական մարմինների պատերից ներս: Մեր ներկայությամբ մենք փոխում ենք իրադրությունը և ուժերի գերակշռություն ստեղծում որոշումներ ընդունելու ընթացքում:
Կարող եք ինձ պատկերացնել ցանկացած բանակցությունների գործընթացում, որոնք կայանում են պետական մակարդակով. ասես բանակցությունների սեղանի մոտ ես էլ եմ նստած և վերահսկում եմ ձեր աշխարհում ընդունվող բոլոր այն որոշումները, որոնք վերաբերում են քաղաքականությանն ու տնտեսությանը, կրթությանն ու առողջապահությանը, մշակույթին և սոցիալական ապահովությանը:
Ձեր տեսլականներն ու աղոթքներն ինձ և մյուս Համբարձյալ Վեհապետներին հնարավորություն կտան մասնակցելու ցանկացած պետական մակարդակով կայացվող որոշումների ընդունմանը: Այսպիսի պարզ գործառույթով մենք կկարողանանք բեկում մտցնել ցանկացած իրավիճակում և դրա հանգուցալուծումն ուղղորդել դեպի Աստվածային հուն:
Ես գիտեմ, որ հիմա շատ մարդիկ տառապում են ճնշվածությունից, և նրանցից շատերի սրտերին տիրել են վախն ու ատելությունը:
Այդ ամենը, պաշտելինե՛րս, տեղի է ունենում ձեր կյանքերում Աստծո անբավարար ներկայության պատճառով: Աստվածային էներգիան դուք ինքներդ եք արգելափակում և զանգվածային տեղեկատվության միջոցները, որոնք ձեզ խորասուզում են գիտակցության բացասական վիճակների մեջ:
Միայն ձեր աղոթքներով ոգեկոչված Աստվածային էներգիայի հոսքերը կարող են մաքրել ձեր մարմինը, գիտակցությունն ու ենթագիտակցությունը և ձեզ ազատել վախից, ճնշվածությունից ու ատելությունից: Ձեր գիտակցության ցանկացած անորակ վիճակ կարելի է չեզոքացնել Աստվածային էներգիայով, որն ամեն օր կյանքի կկոչեք ձեր աղոթքների միջոցով:
Ձեզնից յուրաքանչյուրի աղոթքի ժամին ես ձեզ հետ կլինեմ: Ես կզորեղացնեմ ձեր աղոթքի ուժը և կօգնեմ ձեզ: Բայց ես ձեզ համար ոչինչ չեմ կարող անել, եթե դուք ինձ չեք տալիս ո՛չ ձեր աղոթքի էներգիան, ո՛չ ձեր սիրո էներգիան, որոնք կառաքեիք ինձ, եթե մտասևեռվեիք իմ պատկերի վրա:
Ուստի ոչ ոքի մ՛ի մեղադրեք, եթե գիտակցության բացասական վիճակում եք հայտնվում, և եթե փորձանքներն ու դժբախտությունները թացացնում են ձեր աչքերը: Աստված այնքան ողորմած է, որ մի կանչը կամ բոցաշունչ աղոթքը կարող են բավարար լինել, որպեսզի փոխվի ցանկացած իրավիճակ:
Ձեր բոլոր աղոթքներն ու կանչերը պետք է ի կատար ածեք միայն հանուն Աստծո:
Մենք կարող ենք փոխել ցանկացած իրադրություն. և մենք դա կանենք... Աստվածային հրաշքը հենց ձեր կողքին է գտնվում: Եվ այն պատրաստ է երևալու, սակայն հրաշքի դրսևորման համար պետք է առկա լինեն ձեր աղոթքների էներգիան և երջանկության, Բարիքին ու Բարուն հասնելու ձեր դրական ձգտումները:
Դուք ստանում եք այն, ինչին ձգտում եք: Եվ եթե ամեն օր հայհոյանքներ եք տեղում անխտիր ամեն ինչի վրա՝ հայհոյում եք ձեր կառավարությանը, ձեր շրջապատում եղած բոլորին և նույնիսկ Աստծուն, ապա հազիվ թե դրական արդյունքի հասնեք, և հազիվ թե ձեր կյանքում երբևէ երջանիկ լինեք:
Իսկ եթե անկախ ամեն ինչից ունակ եք հավատ ու սեր պահել ձեր սրտերում, եթե պատրաստ եք ինքներդ ձեզ և ձեր մերձավորներին պաշպանելու աղոթքով ու սիրով, ապա ամենավատ ու անդառնալի բաները կշրջանցեն ձեզ ու ձեր մերձավորներին: Իսկ եթե տարեցտարի ավելի ու ավելի շատանա այն մարդկանց քանակը, որոնց համար առաջին տեղում Աստված է և Նրա Օրենքը, ապա ոչ մի դժվարություն, ոչ մի արհավիրք ու ճգնաժամ չի սպառնա ձեր երկրին ու դրա մարդկանց:
Դուք տեսնում եք, որ Աստված մշտապես հոգում է ձեր մասին:
Թույլ տվեք Աստծուն մուտք գործել ձեր կյանք:

ԵՍ ԵՄ Մայր Մարիամը

Տատյանա Միկուշինա, 2013 թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий