пятница, 21 июня 2013 г.

Հաութամա Բուդդայի այսօրվա Ուղերձը



Փոխեցեք ինքներդ ձեզ, նպատակամղվեք, և դուք ձեռք կբերեք Բուդդայի ոսկյա հանդերձանքն ու Աստվածային Իմաստության գանձերը



Հաութամա Բուդդա

21 հունիսի, 2013 թ.



ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան: Ես կրկին եկել եմ:

Ես եկել եմ հեռավոր աշխարհներից և կուզենայի ձեզ փոխանցել իմ ներկայության մի մասնիկը:

Մի պահ պատկերացրեք, թե մենք միասին հենց նոր ենք վերադարձել Մեծ Կենտրոնական Արևից: Հոգևոր աշխարհում հեռավորությունը նշանակություն չունի: Դուք վիթխարի տեղաշարժեր եք կատարում տարածության ու ժամանակի մեջ: Եվ դրա համար ձեր սարքավորումների՝ մեքենաների, ինքնաթիռների կարիքը դուք չունեք...

Հեռավոր աշխարհներում տեղաշարժվելու ամբողջ մեխանիզմը թաքցված է ձեր սեփական էության ներսում: Եվ ձեզնից նրանք, ովքեր ջանասեր են ու նպատակասլաց, կարող են լքել իրենց ֆիզիկական մարմինը և ինձ հետ միասին ճամփորդել համայն Տիեզերքում: Դրա համար ձեզ անհրաժեշտ է ունենալ հոգևոր նվաճումների որոշակի մակարդակ: Իսկ այդ մակարդակը բոլորիդ համար հասանելի է:

Ես կբացեմ գաղտնիքը, թե ինչպես կարելի է այդ մակարդակին հասնել մեկ մարմնավորման ընթացքում: Եվ դա այն Ուղին կլինի, որը ես ուսուցանել եմ որպես Հաութամա Բուդդա իմ մարմնավորման ժամանակ:

Նախ և առաջ դուք պետք է ընտրեք ձեր շարժման ուղղությունը: Քանի դեռ չեք որոշակիացրել, թե ինչ ուղղությամբ պետք է ընթանաք, ոչնչի չեք կարողանա հասնել: Ձեր էությունը պետք է առագաստանավի պես համընթաց լինի Տիեզերական Օրենքի քամուն: Դուք պետք է վերջնական և անբեկանելի որոշում կայացնեք և համոզված լինեք ձեր որոշման մեջ, որ ձեզ համար գլխավորն այս Տիեզերքի Բարձրագույն Օրենքն է, որին այլ կերպ կարելի է Աստված անվանել: Եվ եթե ինքներդ ձեզ չկեղծեք, եթե իրոք անկեղծորեն ձեր կյանքում գլխավորը համարեք այս Տիեզերքի Բարձրագույն Օրենքը, ապա ձեր հաջորդ քայլն ու բոլոր հետագա քայլերը դուք կանեք ճիշտ ուղղությամբ:

Դուք պետք է որոշեք, թե ձեր կյանքում ով է գլխավորը՝ ինքնե՞րդ, թե՞ Աստված: Քանի դեռ խնդրում եք Աստծուն, որ նա բավարարություն տա ձեր ցանկություններին կամ ձեզ համար անի այս կամ այն բանը, դուք հոգևոր Ուղով առաջ չեք ընթանա:

Դուք ձեր էության ներսում պետք է որոշում կայացնեք և ձեր ամբողջ կյանքն առանց մնացորդի ենթարկեցնեք Աստծուն և Նրա կարիքների ու պահանջմունքների բավարարմանը:

Ինչպես էլ որ ջանաք բավարարել այս պայմանը, դուք չեք կարողանա անմիջապես, միանգամից հասնել դրան: Երկիր մոլորակի միլիոնավոր տարիներ տևած էվոլյուցիայի ընթացքում անթափանց վարագույր է գոյացել ձեր թանձր ֆիզիկական աշխարհի և Աստվածային աշխարհի միջև: Այդ պատճառով որոշակի ժամանակ և ջանքեր են պահանջվում, որպեսզի հաղթահարվի ձեր գիտակցության մեջ արարված պատրանքը: Որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ֆիզիկական աշխարհի սահմաններից և մղվել դեպի Հեռավոր աշխարհները:

Բայց եթե դուք ընդամենը մեկ փոքրիկ քայլ անեք ճիշտ ուղղությամբ և որոշակի ժամանակահատվածի ընթացքում պահպանեք ձեր նպատակամղվածությունն ու Տիեզերական Օրենքին ձեր նվիրվածությունը (որպես կանոն, դրա համար պահանջվում է ոչ թե մեկ, այլ ամենաքիչը յոթ երկրային մարմնավորում), ապա դուք Բարձրագույն աշխարհներին կհասնեք նույնքան անխուսափելիորեն, ինչպես հասնում եք Ջոմոլունգմայի գագաթին, եթե մշտապես շարժվում եք  դրա ուղղությամբ և այդ նպատակով գործադրում ձեր բոլոր ջանքերը:

Ձեր աշխարհը հենց այն բանի համար է նախատեսված, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել պատրանքի դիմադրությունը և դրանով իսկ ձեռք բերեք այն վաստակը, որն անհրաժեշտ է Բարձրագույն աշխարհում լինելու համար:

Ուստիև մենք մերթ ընդ մերթ գալիս և ուսուցանում ենք ձեզ հենց այն նպատակով, որ դուք պահպանեք ճիշտ կողմնորոշիչներ և չմոռանաք Աստվածային աշխարհի մասին:

Կարևոր չէ, թե քանի անգամ կշեղվեք Ուղուց. կարևոր չէ, թե քանի անգամ ցած կընկնեք: Գլխավորն այն է, որ դուք միշտ վերադառնաք մեզ մոտ, տեղից վեր կենաք և շարունակեք առաջ ընթանալ:

Երբեմն մեկը ֆիզիկական աշխարհում դեգերում է շատ ու շատ մարմնավորումների ընթացքում: Նա գտնում է մեր Ուսմունքը, բայց հետո պատրանքը տիրում է նրան, և նա ուրիշ ուսմունքներ է գտնում, որոնք նրան թվում են նույնքան ճշմարիտ և անեղծ, որքան մերն է: Եվ երբեմն տասնյակ մարմնավորումներ են պահանջվում, որպեսզի մարդը հասնի զանազանման այն աստիճանին, որը թույլ է տալիս անսխալ որոշելու, թե ինչն է ճշմարիտ և ինչը՝ կեղծ:

Իսկ ձեզնից նրանց համար, ովքեր դեռ հեռու են իրենց ներսում զանազանման բավարար աստիճան ունենալուց, մենք ուղարկում ենք մեր բանբերներին, որոնք ունակ են պահպանելու շարժման ուղղությունը և ճիշտ Ուղի ցույց տալու մոլորյալ հոգիներին:  Եվ ըստ մեր բանբերների նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքի՝ մենք դատում ենք ձեր հոգու պատրաստվածության աստիճանի մասին: Երբեմն տասնյակ մարմնավորումներ են պահանջվում, որպեսզի հանգամանքները դասավորվեն այնպես, որ դուք մոտենաք մեր դեսպանորդին: Ձեր կենսահոսքի համար դա մեծ ողորմածություն է և վիթխարի հնարավորություն: Սակայն երևի կզարմանաք, եթե ասեմ, որ այդ Աստվածային հնարավորությունից օգտվում է Ուղով ընթացողների մեկ տոկոսից ոչ ավելին: Մնացածները հեռու են քաշվում այդ Աստվածային հնարավորությունից և գերադասում  գործել ըստ սեփական հունարի ու ռիսկի:

Նման վարվելակերպը ձեզ խելամի՞տ չի թվում: Բայց, ավա՜ղ, այն շատ տարածված է ձեր աշխարհում: Իսկ գիտե՞ք, թե ինչու է այդպես լինում: Ասե՛մ ձեզ.  այն պարզ պատճառով, որ մարդիկ գործում են իրենց մարմնական խելքի դիրքերից ելնելով: Բարձրագույն ԵՍ-ի ձայնն այդ դեպքում փոխարինվում է մարմնական խելքի ձայնով, և մարդիկ գերադասում են գործել ինքնուրույն և ընթանալ իրենց սեփական ուղով:

Այնուհանդերձ, եթե մեր դեսպանորդի շնորհիվ գոնե մեկ մարդ դուրս է գալիս պատրանքի խավարից, ապա մենք համարում ենք, որ այդ առաքելությունը հաջող է անցել:

Հենց այդ պատճառով է, որ մենք մեկը մյուսի հետևից Լույսի առաքելություն ենք իրականացնում ձեր աշխարհում: Եվ դա է պատճառը, որ ֆիզիկական օկտավայում մենք Լույսի կիզակետը միշտ պահպանում ենք մեր դեսպանորդների ներսում: Կարեկցանքը բոլոր Բուդդաների և Բոդհիսատվաների գլխավոր առանձնահատկությունն է: Եվ հատկապես կարեկցանքի և Երկրի մարդկության նկատմամբ սիրո շնորհիվ ենք մենք ֆիզիկակական օկտավայում մշտապես պահպանում Լույսի կիզակետը:

Այս Ուսմունքը ձեզ տրվել է բազմաթիվ անգամ: Եվ այսօր ես այն նորից եմ կրկնում:

Եթե դուք ձեր բանականությունը մշտապես ուղղված պահեք դեպի մեր աշխարհը, և ձեր շարժառիթներն էլ բացարձակ մաքուր լինեն, ապա ֆիզիկական աշխարհում միշտ կնկատեք մեր դեսպանորդներին և կհետևեք նրանց:

Իսկ եթե նախկինի պես առաջնորդվում եք անձնական բնույթի շարժառիթներով, ապա մեր դեսպանորդին չեք նկատի, եթե նույնիսկ քիթ-քթի բախվեք նրա հետ:

Թրթիռների համապատասխանության օրենքն անխափան է գործում: Ուստի նախքան Աստծուն և Վեհապետներին մեղադրելը, թե իբր նրանք զրկում են ձեզ օգնությունից և բարեհաճ չեն ձեր նկատմամբ՝ փորձեք ձեր ներսում փնտրել այն բանի պատճառը, թե ինչու եք հայտնվել այս կամ այն իրավիճակում:

Ամեն ինչ աշխարհում ներսից դեպի դուրս է գնում: Օրե՛նքն է այդպիսին: Եվ պատրանքն էլ իր հերթին դեպի ձեզ է շրջվում իր այն կողմով, որը դուք ակնկալում եք տեսնել:

Նույն ճամփով գնացող երկու մարդիկ տեսնում և ուշադրություն են դարձնում իրարից տարբեր բաների: Եվ եթե դուք հասել եք Բուդդայի աստիճանին, ապա ձեր կյանքը կանցնի այնպես, որ ոչ մի կեղտ չկպչի ձեր ոսկյա հանդերձին:

Իսկ եթե ծանրաբեռնված եք բազմաթիվ թերություններով, ապա Երկրի վրա որքան էլ իդեալական վայրում հայտնվեք՝ ձեր շուրջը միայն թերություններ և կեղտ կտեսնեք:

Ես այս օրով ձեզ այցի եկա, որպեսզի ձեր ուշադրությունը հրավիրեմ ֆիզիկական աշխարհում ձեզ հետ տեղի ունեցող ամեն ինչի ներքին պատճառների վրա: Փոխեցե՛ք ինքներդ ձեզ, նպատակամղվեք, և դուք ձեռք կբերեք Բուդդայի ոսկյա հանդերձանքը և Աստվածային Իմաստության գանձերը:



ԵՍ ԵՄ Հաութամա Բուդդան



Տատյանա Միկուշինա, 2013թ.

թարգմանեց Խ. Մանասելյանը

Комментариев нет:

Отправить комментарий