Խորհրդային տարիներին լույս տեսած «Սովետական Հայաստանի հանրագիտարան»
հատորաշարի հատորներից մեկում, «թեոսոֆիա» հոդվածի վերջնամասում հայ ընթերցողին
հրամցվում է տեղեկություն, որ փիլիսոփայական այդ ուղղության հիմնադիրներից է Ե. Բլավատսկին
(տղամարդ): Եթե ընթերցողը քիչ թե շատ ծանոթ է 19-րդ դարի հայ ժողովրդի
պատմությանը, ապա մեծագույն հաջողությամբ կարող է ենթադրել, որ նշված անձը
Խաչատուր Աբովյանի ժամանակներում ապրած և նրա անհետացման հետ որոշակի առնչություն
ունեցած Բլավատսկին է, որն այդ տարիներին ցարական իշխանության կողմից նշանակված է
եղել Երևանի նահանգի նահանգապետ: Իսկ իրականությունն այն է, որ թեոսոֆիայի իսկական
հիմնադիրը Ելենա Պետրովնա Բլավատսկայան է, որը 17 տարեկան հասակում կարճ ժամանակով
դժբախտություն է ունեցել նշված նահանգապետի կինը համարվելու և փախել է նրանից,
որպեսզի պահպանի կուսությունը...
Անվանափոխության այս
գործը մեր օրերում հաջողությամբ շարունակում է Հայ Արիական Միաբանության անդամ ոմն
Քուրմ Մանուկ, որը Գ. Գյուրջիևին նվիրված իր հոդվածում գրում է հետևյալը. «...Ոմանք Գյուրջիևին համեմատում են Կալիոստրոյի (Ջուզեպե Բալզամոյի), ոմանք էլ՝ «անմահ» Սեն-Ժերմենի (18-րդ դ.) հետ, ում հայտնի թաքնատես Ն. Բլավացկայան դասել է «տիբեթյան
մեծ վարպետների» շարքը»... Ինչպես տեսնում
ենք, թոսոֆիայի հիմնադիրն այս մեջբերման մեջ արդեն որպես կին է ներկայացվում, բայց
պահպանել է իր երբեմնի ամուսնու ոչ միայն ազգանունը, այլ նաև անունը (Նիկիֆոր):
Անվանափոխության այս
մոլուցքի զոհ է դարձել նաև ինքը՝ Գյուրջիևը: Այսպես՝ հայ-արիական նախապատմական հսկա
նահապետների հետ Արագածի ծերպերում «զրույցի բռնված» Արթուր
Արմինն իր վերջերս լույս տեսած գրքի 121-րդ էջում գրում է, որ «հոտային վարքագծի»
գաղափարախոսներից մեկը(՞) Իվան Գուրջիևն է, որն ինչ-ինչ գիտելիքներ է քաղել
Աֆղանստանի սուֆիստական ինչ-որ համայնքում
և դրանց հիման վրա կերտել ու տարածել ինչ-որ նոր ուսմունք...
Անհեթեթություն չէ՞
արդյոք, որ նոր ուսմունքների մասին դատողություններ է անում մեկը, որն անգամ
տեղյակ չէ, որ իր կողմից նշված Իվան Գյուրջիևն իրականում 20-րդ դարասկզբի
աշուղներից է, և «աշուղ Ադաշ» մականունով
եղել է Ջիվանու աշուղական դաստայի հայտնի անդամներից մեկը: Իսկ, այ, նրա ավագ որդին՝
Գյումրիում ծնված Գեորգի Գյուրջիևն իրոք համաշխարհային ճանաչում ստացած ուսմունքի
հիմնադիր է՝ ուսմունք, որը ոմանք անվանում են «Էզոթերիկական քրիստոնեություն»,
ոմանք էլ պարզապես «Չորրորդ ուղի»...
Комментариев нет:
Отправить комментарий