суббота, 24 ноября 2012 г.

Պլուտարքոսյան համեմատություն



Համացանցի հայալեզու կայքերից մեկը՝ «Լույս Աշխարհը», կայքի «Քո ժամանակակիցը» խորագրի տակ զետեղել է նաև իմ «Հետադարձ հայացք» ինքնակենսագրական պատումը՝ առանց նախապես ինձնից համաձայնություն ստանալու: Բայց ես դրան առանձնապես կարևորություն չեմ տալիս, ընդհակառակը՝ նույնիսկ ուրախ եմ և շնորհակալ, որ նվաստիս ուշադրության են արժանացրել: Միաժամանակ չեմ կարող հանդուրժել այն, որ նույն այդ կայքի ղեկավարությունը բացահայտ մերժողական, ես կասեի՝ նույնիսկ թշնամական, վերաբերմունք է որդեգրել հռչակավոր հայագետ ու էաբան, «Էություն» Իմաստության Տաճարի հիմնադիր և այժմ վտարանդիության մեջ գտնվող Ալեքսանդր Արորդի Վարպետյանի նկատմամբ, որի 70-ամյա հոբելյանը Երևանում նշելու համար ստորագրահավաք է ընթանալու մինչև այս տարվա դեկեմբերի 25-ը:
Փորձենք տեսնել ու հասկանալ, թե բանն ինչ է՝ օգտվելով հենց «Լույս Աշխարհի» կողմից տարբեր ժամանակներում եթեր արձակված տեսանյութերից: Ամենահարմարն ահա այս մեկն է, որտեղ «Լույս Աշխարհի» գլխավոր բանախոս Ստեփան Քիրամիջյանը պատասխանում է  դեռևս ինձ համար անհայտ Հայկ Գրիգորյանի միանգամայն արդարացի հարցադրումներին (http://www.louysworld.com/archives/21057):
Պատճառները կարծես թե հիմնականում երեքն են: Առաջին պատճառը զուտ ֆինանսական բնույթի է, այն է՝ տարին մեկ անգամ աշնանը Ա. Վարպետյանը Ֆրանսիայից գալիս է Լոս Անջելես, հյուրընկալվում է ծանոթների և ընկերների տներում, հարցազրույցներ և հանդիպումներ է անցկացնում և այդ ամենը փորձում է անել «ձրիաբար»: Ի՞նչ կարելի է ասել սրա վերաբերյալ... Ավելի լավ է մի դրվագ հիշեմ իմ սեփական ուղուց, որը, հուսով եմ, ընթերցողի համար պարզ կդարձնի, թե ինչն ինչոց է, թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե շեղվում եմ բուն նյութից: Տարիներ առաջ ընկերներիցս ոմանք խորհուրդ էին տալիս, որ կատարեմ իմ հեղինակային երգերի որակյալ ձայնագրությունները, քանի որ դրանք կարող են այդպես էլ հասանելի չդառնալ հայ հանրությանը և անհետ մոռացվել: Ի վերջո համոզեցին, և  կիթառս ուսիս դրած՝ բախեցի «Արձագանք» ձայնագրման ստուդիայի հյուրընկալ դուռը: Այնտեղ ինձ սիրով բացատրեցին, որ եթե երգի ձայնագրությունը տեղի ունենա մեկ «պապըտկայից», ապա դա ինձ վրա կնստի 50 դոլար, իսկ եթե մի քանի «պապըտկայից», ապա՝ ավելի շատ: Բնական է, որ ես, հաշվի առնելով «աղքատ գիտաշխատողի» իմ կարգավիճակն ու ընտանեկան հոգսերիս բեռը՝ հրաժարվեցի նույնիսկ մեկ երգ ձայնագրելու ցանկությունից և սուսուփուս վերադարձա տուն: Ճանապարհին նեղսրտվածությունս մտովի արտահայտում էի մոտավորապես հետևյալ կերպ. «Փոխանակ իրենք ինձ փող տան, որ իրենց համար երգ եմ գրել, դեռ մի բան էլ ինձանից են փող ուզում...»: Իհարկե, նաև գիտակցում էի, որ ապրում եմ նյութապաշտական այնպիսի ժամանակներում, որ ժամանակակից որակյալ ձայնագրման սարքերի կոճակները պտտացնելն ավելի թանկ է գնահատվում, քան երգը կամ արվեստի որևէ այլ արժեք: Կարծում եմ, որ Ստեփան Քիրամիջյանի առաջին «տրտունջը» մոտավորապես նույն բնույթն է կրում, միայն թե արտահայտում է հակառակ կողմի՝ «կոճակ պտտացնողների» դիրքորոշումը, այն է՝ ինչու՞ պետք է մենք հարցազրույցը կամ հանդիպումը տեսագրենք և դրա համար վարձատրություն չստանանք...:
Ինչևէ՝ անցնենք երկրորդ բացատրությանը կամ «տրտունջին»: Ստեփան Քիրամիջյանը բողոքում է, թե Վարպետյանը միշտ տեսագրվելուց առաջ պայման էր դնում, որ վերջում իրեն տրվի տեսագրված ամբողջ նյութը: Բայց միթե՞ դա բնական պահանջ չէ: Ինչու՞ պետք է Ա. Վարպետյանը վստահի որևէ ստուդիայի, երբ լավ հայտնի են դարակներում կամ համակարգիչներում պահվող ձայնագրությունների իսպառ անհետացման կամ խմբագիրների կամայական մոտեցումներով դրանք մոնտաժելու դեպքեր: Ուստի բնական և ճիշտ եմ համարում Ա. Վարպետյանի ցանկությունը՝ եղած տեսանյութերն անձնական արխիվում անաղարտ և հուսալի պահել ապագա սերունդների համար:
Երրորդ «մեղադրանքն» առավե՜լ քան ծիծաղելի է: Պարզվում է, որ 2005 թվականին կամ մի փոքր ավելի վաղ կայացած մի հանդիպման ժամանակ Ստ. Քիրամիջյանն Ա. Վարպետյանին կշտամբել ու հանդիմանել է այն բանի համար, որ «խաչ է քաշում» հայ ազգի 4000-ամյա պատմություն ունենալու գաղափարի վրա, ինչը մեծագույն ջանքերի գնով պաշտպանում են մնացած բոլոր հայազգի պատմաբաններն ու հայագետները, և խոսում է ինչ-որ 12-հազարամյա պատմություն ունենալու մասին, ինչը հղի է ինչ-ինչ «թելեր կտրելու» վտանգով: Ասել է թե՝ ավելի լավ է թաքցնենք ճշմարտությունը, քան թե ուրիշները դրանից օգտվելով հանկարծ չասեն, թե հայերն այդքան վաղեմի ժամանակներում ընդհանրապես գոյություն չեն ունեցել(?): Այս առումով Ստ. Քիրամիջյանին խորհուրդ կտամ, որ իր նմանօրինակ կշտամբանքի սլաքն այսօր արդեն ուղղի իմ կամ Ալլա Տեր-Հակոբյանի դեմ, քանի որ մենք հրապարակավ խոսում ենք հայ ազգի (հալդերի) 250 000-ամյա (և ավելի) պատմություն ունենալու մասին, ինչը պնդում են Լույսի Հիերարխիայի Վեհապետները՝ հենվելով Ակաշիի ժամանակագրության գրառումների վրա, որոնց ստույգ լինելուն անձամբ ես մազաչափ անգամ չեմ կասկածում: Սակայն հետաքրքիրն այն է, որ Ա. Վարպետյանին այդպես կշտամբելուց ընդամենը  երկու տարի անց նույն Քիրամիջյանն արդեն հալած յուղի տեղ է ընդունում այդ 12-հազարամյա պատմություն ունենալը, երբ այդ մասին խոսում է ինքզինք մեծ գիտակ համարող, սակայն իրականում դիլետանտ, բանագող և բանսարկու Արթուր Արմինը: Բերածս էպիտետների ճշմարտացիությունը ստորև կապացուցեմ, բայց մինչ այդ, որպեսզի ընթերցողը համեմատելու բան ունենա, ուզում եմ նախ դրվատանքի խոսք ասել Արթուր Արմինի սերնդակից և տաղանդավոր գիտնական Արմեն Դավթյանի հասցեին, ով արժանավայել կերպով ու հմտորեն շարունակում է իր նախորդի՝ վաղամեռիկ գիտնական Վիլեն Սաֆարյանի սկսած, շումերերենի ու հայերենի նույնականությունն ապացուցող շատ կարևոր ու ազգանպաստ գործը: Այստեղ քննադատելով Ստ. Քիրամիջյանի որոշ դիրքորոշումների սխալականությունը՝ այնուհանդերձ կրկին շնորհակալություն եմ հայտնում նրան, որ շարունակաբար ասպարեզ է տրամադրում խոստումնալից և լրջմիտ գիտնական Արմեն Դավթյանին:
Այժմ անդրադառնամ Արթուր Արմինի վարքագծին և արարմունքներին, որոնք ես մերժելի ու վնասակար եմ համարում հայ ազգի համար: Լուրջ գիտնական կոչվելու հավակնություն ունեցող ամեն մի երիտասարդ նախ պետք է պատշաճ հարգանք ունենա թե՛ տարիքով, թե՛ գաղափարով ու վաստակով իրեն անհամեմատ գերազանցողների նկատմամբ: Եթե դա չկա, ապա սխալներն ու մոլորությունները երկար սպասեցնել չեն տա: Բավական է թվարկեմ դրանցից մի երկուսը, և ամեն ինչ պարզ կդառնա: Իր «Արևի լեռան...» գրքում Գեորգի Գյուրջիևին Իվան Գյուրջիևի հետ շփոթելը ես արդեն մի առիթով մատնանշել եմ: Այժմ ուզում եմ անդրադառնալ Ստ. Քիրամիջյանի հետ 2007 թվականին կայացած այն զրույցին, որի մասին վերևում ակնարկեցի: Ա. Արմինը «խոսքի արանք» մեզ տեղեկացնում է, որ «նեոպյութագորական» Պլուտարքոսը գրել է այն մասին, թե Պյութագորասը մաթեմատիկային, աստղագիտությանն ու երաժշտությանը վերաբերող իր գիտելիքները քաղել է հալդական տաճարներից: Նախ ասեմ, որ Պլուտարքոսը ոչ թե «նեոպյութագորական» է եղել, այլ հակառակը՝ հակապյութագորական, քանի որ «Սնահավատության մասին» իր տրակտատում սնահավատություն ու տխմարություն է համարել Պյութագորասի այն հայտնի խոսքը, որ «Մոտենալով աստվածներին՝ մենք կատարելության ենք ձգտում»: Իրականում Պյութագորասի կյանքի այդ դրվագի մասին, որ նա իմաստություն է քաղել նաև հալդերից, մասնավորապես՝ Zobrat-ից կամ Zovrat-ից, որին այժմ ընդունված է նույնացնել Զրադաշտի հետ՝ գրել է ոչ թե Պլուտարքոսը, այլ նեոպլատոնական Պլոտինուսի հետևորդ Պորփյուրը: Հիշեցնեմ, որ վերջինիս գրվածքներին անդրադարձել է նաև հայ մեծանուն փիլիսոփա Դավիթ Անհաղթը: Պյութագորասի կյանքի այդ հետաքրքիր դրվագի մասին ես հատուկ հիշատակել եմ 2010 թ-ին հայերեն լեզվով լույս տեսած «Պյութագորաս-Կութհումի – Եթերային օկտավաների երաժշտությունը» գրքի առաջաբանում:
Արթուր Արմինը ակնհայտորեն «կաղում է» նաև աստղագիտությունից: Մասնավորապես անհասկանալի մնում, թե ինչու է նա հանկարծ որոշել երկրային առանցքի պրեցեսիայի մեկ շրջանի ժամանակահատվածին՝ 26000 (ճիշտ է 25868-ը) տարուն զրոներ ավելացնել և ստանալ գալակտիկական տարվա ժամանակահատվածը՝ 260 000 000 (ճիշտ է 250 000 000-ը)  տարին, ինչը գալակտիկայի մեկ պտույտն է իր կենտրոնի շուրջը, այլ ոչ թե Արեգակնային համակարգության պտույտը նույն գալակտիկական կենտրոնի շուրջը: Սա նույն կարգի դիլետանտության արտահայտություն է, ինչպես, ասենք, մեկը հանկարծ սկսեր պնդել, թե Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը 30 օրում՝ ինչ-որ տեղից ականջի ծայրով լսած լինելով, որ Արեգակն իր առանցքի շուրջը պտտվում է 30 օրում:
Հայտնի է նաև, որ Արեգակի տարածական արագությունը շրջակա աստղերի նկատմամբ կազմում է մոտավորապես 20 կմ/վ, ուստի ակնհայտ է, որ դրա հետևանքով Կեպլերի երեք օրենքները, որի անունը նորաթուխ աստղագետը զրույցի ընթացքում կարողացավ հիշել միայն Ստ. Քիրամիջյանի ակտիվ միջամտության շնորհիվ, չի նկարագրում Երկիր մոլորակի տարածական շարժումը գալակտիկայում, որն իրականում ոչ թե էլիպսաձև է, այլ պարուրաձև:
Ալեքսանդր Վարպետյանը արդարացիորեն մեղադրում է Արթուր Արմինին ոչ թե գրագողության, այլ բանագողության մեջ: Դրանք տարբեր բաներ են: Նա ոչ թե բառ առ բառ նախադասություններ է արտագրել Վարպետյանի գրվածքներից, այլ նրա գաղափարները վերաշարադրել է իր «Արևի լեռան...» գրքում, ինչի շնորհիվ էլ այդ գրքի համապատասխան հատվածները գրավիչ ու հետաքրքիր են դարձել: Եվ եթե այդ գրքի մեջ որևէ տեղ նշած լիներ այդ մասին, ապա այդ գրքի արժեքը համապատասխան չափով կբարձրանար:
Այժմ այն մասին, թե ինչի՞ց դրդված եմ Արթուր Արմինին նաև բանսարկու անվանում: Խնդրեմ, ինքնե՛րդ դատեք. սփյուռքահայ Նուբար Ջանոյանը, որը հանձն էր առել ֆինանսավորել Արթուր Արմինի կողմից խմբագրվող և հրատարակվող «Եղիցի լույս» ամսագիրը, ԼՏՊ-ի օրոք որոշում է ևս մեկ բարի գործ կատարել և ՀՀ տարածքում ինչ-որ տեղ հիմնել նոր բժշկական կենտրոն: Գործը ձախողում է Արթուր Արմինը, որն իր բան ու գործը թողած՝ քաղաքական սուր ու «ջախջախիչ» հոդված է գրում ԼՏՊ-ի դեմ և այն հրապարակում «Եղիցի Լույսում»: Եվ հենց այն պահին, երբ Նուբար Ջանոյանը ԼՏՊ-ի մոտ սկսում է ներկայացնել իր բարի մտադրությունը, վերջինս դարակից հանում և ցույց է տալիս այդ հոդվածը, որով և զրույցն ավարտված է համարվում: Իհարկե, ԼՏՊ-ն էլ մի բարի պտուղ չէ, քանի որ, խոցված ինքնասիրությունից դրդված, արգելք է դրել այդ գործի վրա, սակայն բժշկական այդ նոր կենտրոնի չբացվելու հիմնական մեղավորն այս պարագայում ես համարում եմ Արթուր Արմինին՝ անվանելով նրան երախտամոռ ու բանսարկու:

Комментариев нет:

Отправить комментарий