четверг, 2 августа 2012 г.

Գ. Հ. Գյուրջիևը՝ սպորտի մասին


ԳԼՈՒԽ ԻԹ
Նախկին քաղաքակրթությունների պտուղները
և ժամանակակից քաղաքակրթության «ծաղկումը»

(հատվածներ)

«...Ճիշտն ասած, «երևակայական գիտություններ» մոգոնելու և սովորական լինելիական գոյատևման նոր եղանակներ հորինելու ունակությունը հին հույներից միայն ժամանակակից Գերմանիայի էակներին չէ, որ անցել է. այդ նույն ունակությունը, հնարավոր է՝ ոչ քիչ չափով, ժառանգել են նաև մի ուրիշ ժամանակակից հանրության էակները, որն իր հերթին նույնպես անկախ է ու ինքնավար:
Քո սիրելիների ժամանակակից այդ հանրությունը «Անգլիա» է կոչվում:
Հինավուրց Հունաստանից Անգլիա կոչվող այդ երկրորդ ժամանակակից հանրության էակներին՝ անմիջականորեն միայն իրենց, անցել է նույնիսկ ամենաչարաղետ հորինվածքներից մեկը, որն իրենք սիրով ընդունել են և այժմ լայնորեն կիրառում են գործնական կյանքում:
Այդ հատկապես չարաղետ հորինվածքը հին հույներն անվանում էին «դիաֆարոն», իսկ ժամանակակից էակներն այն անվանում են «սպորտ»:
Այդ ժամանակակից սպորտի մասին ես քեզ հնարավորինս մանրամասն կպատմեմ իմ այս զրույցների ամենավերջում. իսկ առայժմ պետք է իմանաս, որ թեև այդ Անգլիա կոչվող հանրության էակները նույնպես մեծ քանակությամբ զանազան նոր առարկաներ են հորինում, որոնք պետք են գալիս իրենց սովորական լինելիական գոյատևման ընթացքում, սակայն քիմիական նյութեր չեն հորինում, ինչպես դա անում են Գերմանիա կոչվող հանրության էակները. ո՛չ, նրանք գլխավորապես հորինում են, այսպես կոչված, «մետաղական իրեր»:
Հատկապես վերջին ժամանակներում նրանք լավ վարպետացել են քո այդ մոլորակում բնակվող էակների շրջապատում մեծ քանակություններով ամենատարբեր մետաղական իրերի տարածման գործում, ինչպիսիք են՝ կողպեքները, ածելիները, մկան թակարդները, ատրճանակները, գերանդիները, գնդացիրները, կաթսաները, սռնիները, թնդանոթները, ծալովի դանակները, փամփուշտները, գրչածայրերը, ականները, ասեղները և դրանց նման ուրիշ շատ բաներ:
Այն բանից հետո, ինչ այդ ժամանակակից հանրության էակներն սկսել են հորինել այդ օգտակար իրերը, քո այդ մոլորակի եռուղեղ էակների սովորական գոյատևման գործընթացը վերածվել է, ինչպես կասեր մեր սիրելի Մոլլա Նասրեդինը, « ոչ թե կյանքի, այլ մեղրածորանքի»:
Այդ ժամանակակից հանրության էակները բարերարներ են դարձել քո այդ մոլորակի մնացած ժամանակակից էակների համար՝ նրանց ցուցաբերելով, ինչպես ասում են, «անշահախնդիր օգնություն»՝ հատկապես նրանց առաջնային լինելիական պարտականության բնագավառում, այն է՝ ժամանակ առ ժամանակ զբաղվել «փոխադարձ ոչնչացման» գործով:
Շնորհիվ նրանց՝ այդ լինելիական պարտականության իրագործումը քո ժամանակակից սիրելիների համար դարձել է «կատարելապես դատարկ բան»:
Երբ այդ գյուտերը դեռ չկային, քո թշվառ սիրելիները չափազանց դժվարությամբ էին իրականացնում իրենց այդ լինելիական պարտականությունը, քանի որ դրա համար հարկ էր լինում տեղը տեղին քրտինք թափել:
Բայց շնորհիվ այն բանի, որ այդ ժամանակակից հանրության էակները զանազան հարմարանքներ հորինեցին, հիմա այդ զբաղմունքն արդեն, ինչպես կասեր հարգարժան Մոլլա Նասրեդինը, «լիակատար հաճույք» է դարձել:
Ժամանակակից էակներին հիմա այլևս պետք չէ որևէ ջանք թափել, որպեսզի ամբողջովին ոչնչացնեն իրենց նմաններին:
Երբեմն, իրենց «ծխարաններում» հանգիստ նստած, նրանք կարող են, այսպես ասած, հաճույքի համար ոչնչացնել տասնյակ ու հարյուրավոր իրենց նմանների...»:

«...
Այժմ կրկին անդրադառնանք հին հույների այն առանձնապես չարանենգ հորինվածքին, որը ներկայումս գործնականում կիրառում են Անգլիա կոչվող ժամանակակից հանրության էակները՝ այն անվանելով «սպորտ»:
Անգլիա կոչվող ժամանակակից հանրության էակները, որոնք իրենց սովորական գոյատևման ընթացքում կյանքի են կոչում հին հույներից ժառանգած առանձնապես չարանենգ և կործանարար հետևանքներով հղի այդ հորինվածքը, դրանով ոչ միայն ևս մեկ հուսալի գործոն են ավելացրել իրենց կյանքի տևողության կրճատման ասպարեզում, որն առանց այդ էլ արդեն խիստ աննշան է դարձել, այլև, քանի որ նրանց հանրությունն այժմ ապրում է իր նշանակալիության շրջանը և, հետևաբար, հեղինակություն է վայելում մյուս եռուղեղ էակների շրջապատում, դեռ ավելին՝ քանի որ այդ հորինվածքի գործնական իրականացումը դարձրել է իր խնդիրը, իսկ դրա տարածումը՝ իր նպատակը, ապա ներկայումս նրանք բոլոր հնարավոր միջոցներով այդ հորինվածքով վարակում են այդ թշվառ մոլորակի բոլոր մեծ ու փոքր հանրությունների էակներին:
Այդ շատ լուրջ անհասկացողության համար հիմք է ծառայել այն, որ քո այդ սիրելիների ընդհանուր ներկայություններից չքացել են այն հնարավոր բյուրեղացման գործոնները, որոնք եռուղեղ էակների մոտ ձևավորում են «տրամաբանական մտածողություն»:
Եվ հենց այդ «տրամաբանական մտածողության» բացակայության պատճառով է, որ նրանք բոլորն առանց բացառության, միայն այն բանի հետևանքով, որ տհասնամուսի որոշ թեկնածուներ այնտեղ պնդել են, թե այդ սպորտի միջոցով ինչ-որ «օգտակար» բան կարող են քաղել իրենց համար՝ նրանք դրան հավատացել են իրենց ողջ ներկայությամբ և հիմա արդեն ամբողջովին լծվել են սպորտի միջոցով այդ ինչ-որ բանը ձեռք բերելու գործին:
Այդ դժբախտներից ոչ մեկը չգիտի և հավանաբար երբեք չի մտածում այն մասին, որ այդ չարաղետ սպորտ կոչվածից ոչ միայն որևէ օգուտ չկա, այլև, ինչպես արդեն քեզ ասել եմ, հենց միայն այդ սպորտի միջոցով ավելի շատ են կրճատում արդեն իսկ նվազագույնի հասած իրենց կյանքի տևողությունը:
Որպեսզի դու ավելի լավ պատկերացնես ու հասկանաս, թե ինչու է այդ սպորտի միջոցով իրենց կյանքի տևողությունն ավելի շատ կրճատվում, տեղին կլինի, որ հիմա ավելի մանրամասն քեզ պատմեմ այն, ինչ խոստացել էի պատմել՝ հատկապես այն մասին, թե ինչ տարբերություն կա փուլհասնիտամային սկզբունքին համապատասխանող լինելիական գոյատևման տևողության և իթոկլանոսային սկզբունքին համապատասխանողի միջև...»:

«...
Ինչ վերաբերում է այն ժամանակակից հանրությանը, որի էակները գլխավոր զոհերն են դարձել հիշյալ հինավուրց քաղաքակրթության էակների առանձնապես չարանենգ այդ հորինվածքի, ապա նրանք ոչ միայն իրենց սովորական լինելիական գոյատևման ընթացքում կիրառում են այն, այլև ջանադիր կերպով ձգտում են այդ նույն չարիքով վարակել բոլոր մյուս հանրությունների էակներին: Դեռ ավելին՝ իրենց այդ չարաղետ սպորտի պատճառով այդ թշվառները ոչ միայն ավելի են կարճացնում առանց այդ էլ արդեն նվազագույնի հասած իրենց սեփական գոյատևման տևողությունը, այլև իրենց այդպիսի գործունեությամբ, ինչպես ես եմ կարծում, ի վերջո իրենց հանրության գլխին կբերեն ճիշտ այն, ինչ բոլորովին վերջերս վիճակվել է մի ուրիշ ավելի մեծ հանրությանը, որին «Ռուսաստան» են կոչում:
Ես այդ մասին խորհրդածել եմ իմ այնտեղ եղած ժամանակ, երբ արդեն պետք է ընդմիշտ հեռանայի այդ մոլորակից:
Իսկ առաջին անգամ այդ մասին ես սկսեցի խորհրդածել այն ժամանակ, երբ իմացա, որ այդ ոչ պակաս մեծ ու ժամանակակից հանրության իշխանավոր էակներն արդեն այդ սպորտ կոչվող իրենց չարաղետ միջոցն օգտագործում են իրենց տհասնամուսական նպատակներով ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի իշխանավորներն էին նույնպիսի նպատակներով օգտագործում իրենց «ռուսական օղու հիմնախնդիրը»:
Ինչպես Ռուսաստանի հանրության իշխանավորն էին ժամանակին ձգտում զանազան խորամանկություններով շարքային էակների թույլ կամքի մեջ ներարկել հիշյալ «ռուսական օղու» եռանդուն օգտագործման անհրաժեշտությունը, այնպես էլ Անգլիա կոչվող հանրության իշխանավորներն են կաշվից դուրս գալիս, որպեսզի սովորական էակներին հետաքրքրեն այդ նույն սպորտով և ամեն կերպ խթանեն դրանով զբաղվելը:
Իմ այն ժամանակվա մտավախությունները կարծես թե արդարանում են:
Այս եզրակացությանը ես հանգեցի, երբ վերջերս Մարսից եթերագիր ստացա, որի մեջ այլ բաներից զատ խոսվում էր նաև այն մասին, որ թեև Անգլիայի հանրությունում ավելի քան երկուսուկես միլիոն «գործազուրկ էակներ» կան, այնուհանդերձ այնտեղի իշխանավոր էակները ոչ մի միջոց չեն ձեռնարկում դրա դեմ, այլ փոխարենը ձգտում են առավել լայն տարածում տալ իրենց նշանավոր սպորտին:
Ճիշտ նույն կերպ, ինչպես Ռուսաստան կոչվող մեծ հանրության բոլոր, այսպես կոչված, «թերթերն» ու «ամսագրերն» էին ողողված լինում ռուսական օղու հիմնախնդրին նվիրված նյութերով, այնպես էլ Անգլիայի հանրության «չարիք ցանողների» տեքստերի կեսից ավելին այժմ նվիրված է լինում այդ նշանավոր սպորտին»:

Комментариев нет:

Отправить комментарий