вторник, 28 августа 2012 г.

Դենիս Սոկոլով - «Երկնային հեքիաթ»

(«Ավետարանի կորսված էջերը» գրքից)

«Ես եւ իմ Հայրը մի ենք»:
«Ես իմ Հօր մէջ եմ,
եւ դուք՝ իմ մէջ, ու ես՝ ձեր մէջ»:
(Հ.10:30,14:20)

Հավերժ երիտասարդ օվկիանոսի վրա գլուխը հակած դարավոր ժայռի լայն մեջքին սիրում էին ապաստանել անձրևի կաթիլները: Դրանք շատ խելացի կաթիլներ էին և պատահաբար չէին նման տեղ ապաստարան ընտրել: Ժայռի քարակուռ մակերևույթը ոչ ոքի թույլ չէր տալիս թափանցել իր խորքը, և այդ պատճառով կաթիլները, առանց ներծծվելու վախի, երկար գոյատևում էին այնտեղ: Նրանք քամահրանքով էին նայում իրենց այն հարևաններին, որոնք աչքի առաջ հալվում էին՝ սուզվելով ավազի մեջ կամ ներծծվելով հողում: «Ինչու՞ եք այդ անպետք տեղերում հանգրվանում»- ասում էին նրանց խելացի կաթիլները: Իրենք հո լավ գիտեին, թե ինչ պետք է անել կյանքը երկարացնելու համար: Նույնիսկ փոքրիկ հովանոցներ ունեին, որոնցով պաշտպանվում էին արևի ճառագայթներից, նաև բուրավետ խոնավացուցիչով լի սրվակներ, որոնցով լրացնում էին իրենց պակասած խոնավությունը: Այնուհանդերձ ժամանակն առաջ էր ընթանում, և քամին ու արևն անում էին իրենց գործը. կաթիլները փոքրանում էին և ի վերջո անհետանում:
Բոլոր կաթիլները վախենում էին մահից և պաշտում անձրևը, որն իրենց ծնունդ էր տալիս: Երբ անձրև էր սկսվում, նրանք, իրար ընդհատելով և ուժգին շփշփալով, իրենց հավատարմությունն էին հայտնում անձրևին: Որոշներն այնպես անկեղծորեն էին հավատում, թե անձրևն ի վիճակի է իրենց նորից երկիր վերադարձնել, որ նույնիսկ փորձում էին հովանոցների ծալքերում պահել իրենց փրկարար սրվակները, հուսալով, որ դրանք կօգտագործեն նաև հաջորդ կյանքում: Կային նաև ուրիշ կաթիլներ, որոնք համարում էին, որ մահից հետո այնտեղ՝ երկնքում, կհայտնվեն թանկարժեք քարերից կերտված հրաշագեղ մի պալատում, որտեղ կդրվեն ոսկե սկուտեղների վրա ու կծածկվեն կախարդական բյուրեղյա զանգով, որպեսզի հավերժորեն պաշտպանված լինեն չորանալուց: Եվ ծիծաղում էին նրանց վրա, ովքեր իրենց վերադարձին էին հավատում՝ ասելով. «Մենք հո լա՜վ գիտենք, թե իրականում ինչն ինչպես է լինում»:
Այդպես երկար դարերով կաթիլները վիճում էին իրար հետ ու հաշտվում, մեռնում էին, և  նրանց փոխարինելու էին գալիս նորերը: Բայց մի անգամ անհավանական մի բան կատարվեց. մի կաթիլ ըմբոստացավ...
«Ինձ ձանձրացրե՜լ է ամբողջ օրերով հովանոցի տակ թաքնվելը: Ես այլևս չեմ ուզում դանդաղորեն մահանալ այս քարերի վրա», - հայտարարեց նա:
Եվ բոլորի աչքի առաջ սկզբում վեր ձգվեց, հետո, փոքրիկ թրթուրի նմանվելով, կամաց-կամաց սողաց դեպի ժայռի եզրը:
«Հե՜յ, այդ ու՞ր…» - զարմացած հարցրին մյուս կաթիլները:
«Ես այլևս չեմ ուզում օգտվել խոնավացուցիչներից՝ այն դեպքում, երբ ներքևում անսպառ խոնավությամբ օվկիանոս կա», - եղավ պատասխանը:
«Բայց օվկիանոսը շա՜տ մեծ է, այն կուլ կտա քեզ» - միաձայն բղավեցին բոլորը:
«Ո՛չ,- առարկեց կաթիլը,- ես լսել եմ, որ օվկիանոսը մեր մեծ եղբայրն է և, ինչպես մենք, իր ներսում ջուր է պարունակում: Ես չեմ հավատում, թե նա կարող է նեղացնել իր փոքրիկ քրոջը»:
«Խորհի՛ր, ո՜վ թշվառ, թե ինչ օրինակ ես տալիս մեր երիտասարդությանը», հակաճառեցին հարևանները: «Երանի՜ ընդհանրապես ծնված չլինեիր... Չէ՞-որ դու մեզնից մեկն էիր, ի՞նչ կատարվեց քեզ հետ... Ուշքի՛ արի»,- համոզում էին նրանք:
«Ի՞նչս եմ վտանգում և ի՞նչս եմ կորցնում այստեղ, բացի ծակ հովանոցից, հիմար սրվակից և մահվան հավերժական երկյուղից» - պատասխանեց ըմբոստացած կաթիլը և ժայռի կատարից նետվեց ներքև:
Սկզբում օվկիանոսի ջուրը նրան սառն ու մի փոքր աղի թվաց, բայց աստիճանաբար վարժվեց, հարմարվեց և սկսեց մեծ հաճույքով լողալ օվկիանոսի լայնարձակության մեջ: Կաթիլին դուր եկավ օվկիանոսում ապրելը. երբեք նա իրեն այդքան պաշտպանված չէր զգացել: Օվկիանոսը հոգ էր տանում նրան՝ ինչպես փոքրիկ երեխայի. բարի կախարդի պես ցույց էր տալիս նրան զարմանալի հրաշքներ և նրա առաջ բացում իր մեծ գաղտնիքները: Երբ կաթիլը քնով էր անցնում, օվկիանոսը նրա համար խաղաղ երգեր էր երգում և մեղմորեն օրորում իր ալիքներով: Գորովալից ծնողի պես պաշտպանում էր նրան արևից ու քամուց և հագեցնում խոնավությամբ:
Կաթիլը շուտով նկատեց, որ կորցնում է իր նախկին տեսքը և սկսում աճել՝ արագորեն մեծանալով իր չափսերով: Բայց դրանից նա բոլորովին վախ չէր զգում, այլ, հակառակը՝ ապրում էր աննկարագրելի հրճվանք: Նա սկսեց իր ներսում զգալ օվկիանոսի մեծ ուժը, որը րոպե առ րոպե կարծես հրաշքով ներհոսում էր իր մեջ: Աստիճանաբար կաթիլն ավելի ու ավելի էր մեծանում, իսկ օվկիանոսը՝ փոքրանում: Եվ վերջապես եկավ մի օր, երբ օվկիանոսը լրիվ անհետացավ: Կաթիլը զննեց չորսկողմը, բայց չկարողացավ գտնել իր հին ընկերոջը: Մի պահ նրան թախիծ համակեց ու թեթև երկյուղ, որ մենակ է մնացել:
«Օվկիանո՜ս, օվկիանո՜ս, որտե՞ղ ես»,- կանչեց նա:
«Մի՛ վախեցիր, այստեղ եմ,- պատասխանեց օվկիանոսը,- Ես ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես հիմա ես ու դու մեկ ենք. դու էլ ես օվկիանոս դարձել»:
Կաթիլն ուշադիր նայեց և հասկացավ, որ օվկիանոսը ճիշտ է ասում: «Ինչպե՞ս ես ինքս գլխի չընկա» - զարմացած բացականչեց նա և կյանքում առաջին անգամ ժպտաց արևին:
«Նշանակում է՝ ես հիմա ոչնչից չպետք է վախենամ և, ինչպես օվկիանոսը, կապրեմ հավերժ: Ինձ այլևս չի վիճակվի կրկին ծնվել և մեռնել: Ի՜նչ լավ է... Ի՜նչ հրաշալի բան է կյանքը...» - մտածեց կաթիլը և ծիծաղեց երջանիկ ու անհոգ: Դրանից ջրի երեսին թեթև ալիքներ առաջացան:
«Արի շուտափույթ փոթորիկ անենք, – բացականչեց նա: – Թող բոլորը լսեն, որ մենք կանք: Թող բոլորն իմանան, թե ի՜նչ հրաշալի բան է օվկիանոս լինելը...»:

Комментариев нет:

Отправить комментарий