воскресенье, 19 августа 2012 г.

Կրկին ի պաշտպանություն Ալեքսանդր Վարպետյանի վերադարձի

Հայաստանում այսօր կան վաստակաշատ հայագետներ, որոնք իրենց մասնագիտության բերումով հրաշալի գիտեն, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայը:
Հայաստանում այսօր կան վաստակաշատ ազգաբաններ ու ազգագետներ, որոնք հրաշալի գիտեն, թե ինչպիսին պետք է լինի հայ ազգը, որպեսզի շարունակի հարատևել:
Հայաստանում այսօր կան վաստակաշատ պատմաբաններ, որոնք պատմությունից հրաշալի գիտեն, թե ինչպիսին չպետք է լինի հայը և հայ պատմաբանը:
Հայաստանյան այդ գիտնականների վաստակը շատ է նաև վարձատրության առումով, քանի որ այդ շերտը մնացած բնագավառների գիտնականներից եռակի, քառակի անգամ ավելի բարձր աշխատավարձ է ստանում պետական բյուջեից: Դրանից զատ, նախարարներ Հրանուշ Հակոբյանի և Արմեն Աշոտյանի ջանքերով նրանք նաև հաճախակի առատ դրամաշնորհներ են ստանում հայաստանյան օլիգարխներից և սփյուռքահայ մեծահարուստներից: Ուստի եթե Հրանուշ Հակոբյանը կամ Արմեն Աշոտյանը մի բերան ասեն՝ «Պարոնա՛յք, մեզ պետք չի, որ Ալեքսանդր Վարպետյանը վերադառնա Հայրենիք և ստանա քաղաքացիություն», ապա նրանք ժպիտով կտմբտմբացնեն իրենց գլուխներն ի նշան հավանության և կընդունեն կրավորական ու իրենց սեփական մաշկի համար անվտանգ կեցվածք:

Սխա՞լ եմ ասում, պարոնա՛յք և տիկնա՛յք, մեծարգո ակադեմիկոսներ, դոկտորներ և պրոֆեսորներ: Դե ուրեմն՝ հերքե՛ք ասածս: Ակնկալում եմ, որ մինչև այս ամսվա վերջը ձեր այդ հերքումը կարտահայտվի կա՛մ ազդեցիկ ու անվանի որևէ մեկի՝ Ալեքսանդր Վարպետյանին նոր թափով վատաբանող հոդվածի տեսքով, կամ համապատասխան կառույցներից որևէ մեկի ղեկավարին ուղղված բաց նամակի տեսքով, որի տակ  շատերը կդնեն իրենց ստորագրությունը և կպահանջեն ի վերջո հանրությանը լուսաբանել Ալեքսանդր Վարպետյանի երկարատև վտարանդիության պատճառներն ու հիմքերը:
Ինչու՞ եմ ասում՝ մինչև այս ամսվա վերջը. որովհետև դրանից հետո ստիպված կլինեմ իմ այս առաքելության բերումով անձնական մոտեցում ցուցաբերել ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի կարողանամ գոնե ինձ համար «թացը չորից ջոկել» և անել համապատասխան եզրահանգումներ: Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ գործընթացն այնքան էլ հաճելի չի լինի ո՛չ ինձ, ո՛չ էլ ձեզնից յուրաքանչյուրի համար:

Հարգելի՛ երիտասարդ հայ գիտնական, մի՛ կարծիր, թե այստեղ գրվածը, որը հիմա կարդում ես, անձամբ քեզ չի վերաբերում: Այս դժվարին ու խառնակ ժամանակներում քեզ բախտ ու պատիվ է վիճակված հայ ազգի գիտուն այրերից մեկը լինել և առաջվա պես այլևս չի հաջողվելու կրավորական ու սպասողական կեցվածք ընդունելով պահվել սեփական անվտանգ ու ապահով թփուտի տակ: Այսօր թե՛ երկրի երեսից և թե՛ երկնքից հազար աչք է քեզ նայում և հետևում քո պահվածքին ու ընդունած որոշումներին: Հավատա՛ ինձ, Ալեքսանդր Վարպետյանի վերադարձի  երկար տարիներով չարչրկված այս հարցն այսօր արդեն  ձեռք է բերել առանցքային և խիստ կարևոր նշանակություն: Ուստի կուզենայի հավատալ, որ հենց վաղը կանես քո առաջին, բայց ոչ վերջին վճռական քայլը՝ հայ գիտնականի խաթարված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ: Մոտեցի՛ր քո գիտական ղեկավարին կամ ինստիտուտի տնօրենին և հայտնիր, որ պատրաստ ես ստորագրել այն բաց նամակի տակ, որի մասին խոսք գնաց վերևում:


Ա. Վարպետյանը՝ Խ. Մանասելյանին

Շատ հարգելի Խ. Մանասելյան,
Շնորհակալություն այդքան սրտացավորեն վերաբերվելու համար իմ պարագային և իհարկե հայոց արդի իրավիճակին ու ճակատագրին: Դրանք բազմիցս առավել մտահոգիչ են՝ քան իմ անձնական խնդրականը, որը հենց հայոց կողմից հալածյալ թե նահատակ քա՜նի երախտավորների համեմատ պակաս ողբերգական է:
Ձեր հիշատակյալ  «պատասխանատու» անձինք, անտարբերությունից ու անկարողությունից բացի, պատկերացում իսկ չունեն թե ընդամենը մի քանի տասնամյակներում ի՞նչ է տվել Վարպետյանը հայ ժողովրդին, դրանց խորհուրդը կայացման ու հարատևման գերխնդրականներում, և դեռ բախտորոշ ինչե՜ր չի հրապարակել: Այնքան նշանակալից, որ վասն այդ ցանկացած պետություն սիրահոժար կբացեր իր դռները Վարպետյանի առջև: Այդպես էլ հեռանկարվում և ամենայն հավանականությամբ լինելու է:
Ինչ վերաբերում է գիտական թե վայ հայագետներին ու «գաղափարաբաններին», ապա նրանց վրա հույս դնել չարժե: Առաջինը հենց նրանք են գոհ և ուրախ Վարպետյանի վտարումից, շուկա հանելու համար ներշնչանքի թե բանաքաղական իրենց «խառը կանաչին»: Որպես «ներազգային բարոյականի» բացակայություն և հոգևոր կատարյալ սնանկություն,  այդ անհամեմատ առավել ցավալի է ու ճակատագրական՝ քան այլոց քաղաքական թե հոգևոր-գաղափարական խարդավանքները ու մասոնա-աղանդավորական արշավանքները: Բռնել են հայոց «վերևից ու ներքևից», փրկության ոչ մեկ շանս: Մնացել են միայն նվնվոցներ, իբր ոգե-գաղափարական «գարգարիզմներ», ինքնամխիթարական դատարկաբանություններ և, ավա՜ղ, խիստ թերի «ծլարձակումներ», անպիտան շեղումներ ու վնասակար աղավաղումներ:
Այդպես ենք ապրել դարեր ու հասել այս օրին:
Այդպես էլ ավարտվեց անցյալ դարավերջի մեր բացառիկ «ղարաբաղյան» շանսը: Մինչդեռ պատմական ինչպիսի բացառիկ հնարավորությունը բաց թողնվեց, իսկ ավելի ստույգ՝ խափանեցին...
  Եվ այսօր ևս, երբ բոլոր հույսերը սպառված են, արևմտյան ու արևելյան  հորիզոնները մթագնած, հայոց ճակատագիրը սահմռկելի գահավիժման մեջ, միակ այլընտրանքը վերստին մնում է  կենսունակ և հավատավոր էականների գիտակցութունն ու հարակցութունները էութենական սկզբունքների շուրջ: Այդ նույնպես եղել դարեր ի վեր մեր մի կերպ հարատևման գրավականը, սկսյալ Մաշտոցից և Խորենացուց, անցնելով Շիրակացի և Նարեկացի, մինչև Ալիշան, Դ. Վարուժան, Պ. Սևակ և երախտավոր այլք:
  Մնացյալը առայժմ կամ մեկընդմիշտ «մտքներիցդ հանեք» ...



Խ. Մանասելյանը՝ Ա. Վարպետյանին 

Մեծարգո Ալեքսանդր Վարպետյան, ինձ համար հասկանալի է երկարատև վտարանդիության մեջ և դրա պատճառով Ձեզ համակած հուսահատությունը: Բայց նաև ուրախալի է և ոգևորիչ, որ օտար ափերում, առանց ձեր թիկունքին զգալու հարազատ ազգի և ժողովրդի շունչը, կարողացել
և կարողանում եք շարունակել Ձեր ազգանվեր ու համամարդկային արժեք ունեցող հետազոտություններն ու պրպտումները: Լիահույս եմ, որ Ձեր վերադարձի խնդիրը հաղթանակով կպսակվի, և կկարողանաք Ձեր գործն ավելի մեծ եռանդով շարունակել Հայրենիքում: Ձեզ ամենայն Բարին եմ կամենում...

Комментариев нет:

Отправить комментарий