среда, 29 августа 2012 г.

Բաց նամակ Հրանուշ Հակոբյանին

Մեծարգո նախարար Հրանուշ Հակոբյան,

Տարիներ առաջ, երբ ես դեռ 8-րդ դասարանում սովորող աշակերտ էի, իսկ Դուք՝ ՀԼԿԵՄ ճանաչված ակտիվիստուհի, ինչ-որ առիթով հայտնվեցիք մեր դպրոցում, դրվատանքի խոսքեր ասացիք իմ հասցեին և մեծ ապագա կանխագուշակեցիք ինձ համար: Եվ այսօր, երբ Դուք զբաղեցնում եք ՀՀ Սփյուռքի հետ կապերի նախարարի բարձր աթոռը, կարելի է ասել, որ Ձեր մարգարեությունը «դե ֆակտո» իրականացել է: Ես այսօր բանաստեղծությունների 9 ժողովածուի հեղինակ եմ, ռուսերենից և անգլերենից թարգմանել եմ բազմաթիվ բանաստեղծների և փիլիսոփաների արժեքավոր գործեր և հրատարակել դրանց մեծ մասը, հորինել եմ մի շարք հոգևոր ու աշխարհիկ երգեր, որոնք ձայնապնակի տեսքով հայտնի են դարձել և լսվում են արտասահմանյան շատ երկրներում, գիտական իմ բնագավառում ունեմ մի շարք գյուտեր, որոնցից մեկը վերաբերում է բնության նոր երևույթի և գիտական շրջանակներում կոչվել է իմ անունով: Սակայն Դուք այդ ամենի մասին բոլորովին չեք լսել և հավանաբար ցանկություն էլ չունեք լսելու, քանի որ Ձեր ներկայիս դիրքն ամբողջովին մթագնել է Ձեր տեսադաշտն ու լսողությունը: Դեռ ավելին՝ այսօր Դուք ի պաշտոնե ասում եք մի բան և անում դրա ճիշտ հակառակը: Օրինակ՝ Դուք ասում եք, որ մեր հարազատ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում և չի խնայելու, որպեսզի աշխարհասփյուռ հայերը հնարավորություն ունենան գալ Հայրենիք և իրենց կարողություններն ու ունակություններն ի նպաստ դնեն Հայաստանի Հանրապետության բարգավաճմանն ու առաջընթացին, բայց և միաժամանակ բոլորովին չեք մտահոգվում և ոչինչ չեք ձեռնարկում, որպեսզի մեր մեծագույն և աշխարհահռչակ մտավորականներից մեկը՝ ազգագետ և էաբան Ալեքսանդր Վարպետյանը, վերջապես դուրս գա անհիմն ու երկարատև վտարանդիության վիճակից և ստանա ՀՀ քաղաքացիություն:

Խոնարհաբար խնդրում եմ, որ  հայ հանրությանը բացատրեք Ձեր խոսքի և գործի այս անհամապատասխանության պատճառը:

ռադիոֆիզիկոս, բանաստեղծ,  թարգմանիչ և երգահան
Խաչիկ Մանասելյան

Комментариев нет:

Отправить комментарий