вторник, 11 сентября 2012 г.

Վանո Դադոյանի «Հազարան Բլբուլ...» գրքի առաջաբանը

ԱՌԱՋԱԲԱՆ

Այս գրքով փորձ է արվում մի նոր տեսանկյունից դիտարկել հայ մշակույթը, որն իր ամբողջական փուլերով դրսևորվել է Հազարան Բլբուլի հեքիաթի մեջ: Հեքիաթն իր մեջ ներառում է մինչջրհեղեղյան և հետ ջրհեղեղյան շրջանները մարդկային քաղաքակրթության, որը տևականորեն և շարունակաբար պահպանվել, զարգացել և տարածվել է Հայկական լեռնաշխարհում՝ հայոց բնօրրան դրախտավայրում և դրանից դուրս: Այն իր մեջ պարունակում է անհատի, հասարակության և ազգի զարգացման օրինաչափությունները և, հետևաբար, կարող է օգտակար լինել դրանց զարգացմանը՝ ցանկացած փուլում և աստիճանում: Այն նաև համապատասխանում է ազատ ու անկախ կամքի և արդարության ու սիրո աստվածային օրենքին: Ամեն մի մարդ և հատկապես հայերը, եթե զգան կապը իրենց հոգու և էության, ապա կնկատեն, որ իրենց մեջ կրում են այդ բնական և բանական գիտելիքները, որոնց մասին հենց ոսկեղենացված ձևով պատմվում է այս հեքիաթում, և որոնք ներառում են իրենց մեջ համամարդկային համարվող գրեթե բոլոր հիմնական բարձրորակ չափորոշիչները՝ նյութական, մտավոր, հոգևոր աշխարհների իմացության արարչական լույսի ներքո: Այս գրքի նպատակներից է նաև՝ գտնել և միավորել բոլոր նրանց, ում հետաքրքրում է Երկիր մոլորակի վրա Աստծո արքայության հաստատումը: Դա սկսվում է մեզանից՝ յուրաքանչյուրիցս, մեր սրտի բաբախումների և թրթիռների համապատասխանեցումից տիեզերական ներդաշնակությանը: Ո՛վ հայ, վերականգնի՛ր քո մեջ հոգևոր արյունը քո հայրենյաց, և դու կդառնաս տերը քո հայրենիքին, և կվերականգնվի կապը քո Արարչի հետ, դու կդառնաս անհատ թագավոր՝ ըստ նոր հոգևոր դարաշրջանի պահանջի, քո մեջ եղած արարչական հատիկի արթնացմամբ և նրա տնօրինությամբ: Այդժամ դու կդառնաս հերոս մարտիկը քո ազգի և Թագավորաց Թագավորի:

«Հազարան Բլբուլ» կամ «Հազարան Հավք» հեքիաթի թեման, լինելով շատ խորը և իր մեջ պարունակելով տիեզերաստեղծմանը վերաբերող գաղափարներ, շատ տարածված է և՛ մեր հարևան ժողովուրդների մեջ, և՛ ամբողջ աշխարհում: Նրա տարբերակները բազմաթիվ են, սակայն օտար աղբյուրների հեքիաթներում նկատվում է միտում ընդհանուր կարգի որոշ մասնավորեցման: Այսինքն՝ այն պարունակում է շահագրգիռ հետաքրքրություն, որից կարելի է ենթադրել տվյալ ժողովրդի մտածողության առանձնահատկությունը: Իսկ հայկական հեքիաթում տեսնում ենք, որ այն ամբողջությամբ է դրսևորվում և իր մեջ պարունակում է ամբողջական հոգևոր գիտելիքների իմացությունը առանց սահմանափակումների: Սրանից բխում է, որ մեզանում պահպանված «Հազարան Հավքի» օրինակը բացառիկ է և անփոխարինելի, ինչը հաստատում է, որ մնացած հեքիաթները տարընթերցումներ են, ենթապատմություններ և տարածվել են մեր տարածաշրջանից ու իրենց մեջ ներառել տվյալ ժողովրդի համապատասխան սովորույթները և բնության առանձնահատկությունները:

Ընթերցողը թող ներողամիտ լինի նյութի խրթինության և դրա հետևանքով առաջացող հնարավոր դժվարըմբռնման համար: Դա պայմանավորված է գրքի հրատարակման հրատապությամբ՝ հաշվի առնելով մեր խիստ խառնաշփոթ ժամանակները և մեր մշակույթի զանգվածային խեղաթյուրումները: Հեղինակը սիրով պատրաստ է պատասխանելու բոլոր հարցերին և մասնակցելու շահագրգիռ քննարկումներին:
Հեղինակ


Գիրքը լույս է ընծայել «Վան Արյան»  հրտ., 2010թ-ին

Комментариев нет:

Отправить комментарий