понедельник, 3 сентября 2012 г.

Երկաթը տաք-տաք են ծեծում

Այնպիսի տպավորություն եմ ստանում, որ որոշ ուժեր փորձում են «փափուկ բարձ դնել» հայ ժողովրդի գլխի տակ: Եթե ՀՀ նախագահը կարծում է, թե հեռուստատեսությամբ մի երկու խիստ խոսք հնչեցնելն ու Հունգարիայի հետ հապճեպորեն բոլոր կապերը խզելը բավարար են ալիևյան «հաղթարշավի» առաջն առնելու և վերահաս պատերազմը կանխելու համար, ապա չարաչար սխալվում է:
Անձամբ ես, որպես շարքային հայ, ակնկալում էի, որ Ալիևի վերջին տխմար քայլերին անհապաղ կհետևի ՀՀ և ԼՂՀ նախագահների պաշտոնական հանդիպում, որից հետո կողմերը հանդես կգային համատեղ հայտարարությամբ, որ այսուհետև փոխհամաձայնեցված և համերաշխ քայլեր են ձեռնարկելու երկու հայկական կիսանկախ պետությունների փաստացի և իրավական միավորման համար:
Այնուհետև դրան պետք է հետևեին ԼՂՀ խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի առանձին հռչակագրերն այն մասին, որ միավորման գործընթացը սկսված է: Դրանից հետո պետք է մշակվեր ընդհանուր սահմանադրություն, որը կընդունվեր երկու հանրապետությունների բնակչության միասնական հանրաքվեով:
Այնուհետև կընտրվեր մեկ ընդհանուր նախագահ, կունենայինք մեկ միասնական եռագույն դրոշ, մեկ միասնական զինանշան, մեկ միասնական օրհներգ, և հայ ազգն ընդմիշտ կազատվեր ցնդած ու անտարբեր օտարների հետ «ղարաբաղյան հիմնախնդիրը» ևս քսան տարի և ավել ժամանակով անիմաստ ծամծմելուց:
Հայե՛ր, խելքի՛ եկեք և գոնե մի քիչ քաջություն ու վճռականություն ունեցեք:
Երկաթը տաք-տաք են ծեծում...

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить