пятница, 21 сентября 2012 г.

Մեծագույն Աղքատը

(հատված էպիկական պոեմից)

Տիրոջ Ձայնը

Ապահովության մեջ հայտնվելով
իր մոր հոգատար խնամքի ներքո`
Ֆրանչեսկոն զգաց, թե որքա՜ն հոգու
կորով էր վատնել` իրեն հույս տալով
և ընկերներին ոգևորելով:

Նրա հոգնատանջ մարմինը փլվեց
ջերմի ու ծանր հիվանդության մեջ`
երկար ժամանակ նրան գամելով
ննջասենյակի տաղտուկ անկողնուն:

Երազներ էին նրան այցելում
գունավոր ու պերճ,
ձայներ, կանչեր էր նա լսում անվերջ,
քրտնած արթնանում
և ապա անձուկ միայնության մեջ
տեսած երազը քնկոտ վերծանում:

Տեսնում էր չքնաղ, ձյունոտ լեռնապար,
բարձր կատարներ` վեհ ու սիգապանծ,
տուֆակերտ մի վանք, գողտրիկ մի լճակ
և զգում իրեն ճգնող վանական:
Իբր գրում է երկար մի պոեմ,
աստվածանվեր տաղ ու շարական,
վեր ելնում դրախտ կամ իջնում գեհեն,
ցնծում կամ տանջվում շարունակաբար:

Դժվար էր լինում ջոկելը հաճախ,
թե որն է երազ, որը՝ իրական,
բայց անհնար էր էլ շփոթելը
բյուր ձայների մեջ Ձայնը տիրական,
որ Ֆրանչեսկոն իր հոր խանութում արդեն լսել էր:

Հենց այդ Ձայնին էր սպասում հաճախ`
իր արթնության մեջ կենտրոնանալով,
որ քնով չանցնի ու որսա պահը,
եթե ինչ-որ նոր Խորհուրդ էր գալու:
Խորին հավատով զգում էր, գիտեր,
որ Տերը իրեն էլ չի լքելու,
մնում էր միայն հույսով աղոթել`
վհատությանը չենթարկվելով:

Ամիսներ անցան,
մինչև մարմինը նոր ուժ ստացավ:
Եվ ահա մի օր
քնի-արթնության սահմանագծին
իր հայացքի դեմ հառնեց տեսիլ նոր.
պալա՞տ էր, թե՞ մի տաճար լուսածին,
որ փայլեց իր դեմ` զինավառ, հզոր:
Եվ Ձայնն այն հնչեց նորից իր ներսում.
«Ելի՛ր, Ֆրանչե՛սկո,
զորագնդերդ քեզ են սպասում…»:

Տեղից անհապաղ
ելավ, հագնվեց ու քաղաք իջավ,
որ տեղեկանա, թե ինչ են խոսում
ընկերները իր նախկին մարտական,
և թե ինչ լուրեր կան ասպետական:

Տեղեկացրեց Անտոնիոն նրան,
որ ֆրանսիացի կոմս դը Բրիենը
Ինոկենտիանոս պապի օրհնանքով
ասպետական իր զորքը զինել է
և մարտնչում է սուրբ եկեղեցու շահերի համար:
Շատ ասպետներ են գնում նրա մոտ,
որ իրենց զենքով
հավատարմությամբ զորակցեն նրան:
Մի քանի օրից ասիզցիների
մի խումբ կմեկնի դեպի Ապուլիո,
որ միանա այդ զորահավաքին:

Եթե ուզում ես,– ասաց Անտոնիոն,–
Դու էլ միացիր մեր այդ ջոկատին:
Իմ սուրբ պարտքն է դա և իմ երազը,–
ասաց Ֆրանչեսկոն, և բաժանվեցին:

Նոր որոշումը երբ տանն իմացան,
Մադոննա Պիկան լացեց, վշտացավ,
իսկ հայրը ասաց. «Այդ ֆրանսիացի
կոմս դը Բրիենը փառահեղ մարդ է
և հզոր ասպետ. և պահն է արդեն,
որ դու քո զենքով ծառայես նրան:
Ուրախ եմ, որդի՛ս, որ չես վհատվել
քո պարտությունից ու գերությունից:
Իսկական ասպետ նա է միշտ կոչվել,
ով չի ընկճվել ձախորդությունից:
Այս օրվան վաղուց եմ ես սպասում
և Պրովանսում
քեզ նվեր առա մի նոր սաղավարտ
և սուր, և գեղարդ,
այնպես որ սիրով ու սրտով հպարտ
քեզ Ասիզիից կճամփեմ ի մարտ»:

Այդպես էլ եղավ,
և ասպետների խումբը զինավառ
նժույգներ հեծած, կրծքներին խաչեր,
ձեռքներին բռնած դրոշ ու գեղարդ,
օրհնանքներ առած ու «Viva!» կոչեր,
քաղաքից դեպի արևելք տանող դարպասից ելավ:
Առաջին դադարն առնելու համար
խումբը կանգ առավ Սպոլետոյում,
և մի բլրի մոտ խփեցին վրան:

Երբ ընկերները քնեցին արդեն,
Ֆրանչեսկոն երկար երկինք էր նայում,
որը խիստ խաղաղ ու աստղազարդ էր:
Եվ մի զմայլանք պարուրեց նրան`
ներքին մի հրճվանք շատ զարմանալի,
կարծես սրտի մեջ խլրտաց մի բան
անհասկանալի, անիմանալի:

Եվ նորից Ձայնը հնչեց պարզորոշ.
«Ֆրանցի՛սկ, ու՞մ ես ուզում ծառայել.
Երկնային Տիրո՞ջ,
թե՞ երկրում գործող ոմն ծառայի»:
«Երկնային Տիրոջ ծառան եմ, Տե՛ր իմ,
ասա՛, ի՞նչ անեմ, ո՞րն է իմ դերը…»
«Դարձիր Ասիզի, ու կազմիր բանակ,
տե՛ր կանգնիր խաչիդ ու սուրբ գնդերիդ
և ոչ թե հեռու Ապուլիո գնա…»:

Թեև այդպես էլ անորոշ մնաց,
թե ինչ սուրբ գնդի մասին է խոսքը,
բայց նա հասկացավ շատ որոշակի,
որ զսպելով իր հոգու խռովքը
և ենթարկվելով ծաղր ու ծանակի,
հանձնելով մեկին զրահն ու զենքը`
վաղն ևեթ պետք է
ինքը Ասիզի ետ դառնա կրկին

Եվ երբ հայտնվեց ներսում քաղաքի`
առանց զենքերի, գլխիկոր ու լուռ,
արժանի դարձավ մարդկանց ծաղրանքին,
թափեցին գլխին դառը թուք ու մուր:
Իսկ հայրը տանը մոլեգնեց երկար,
անվանեց նրան վախկոտ, ապիկար,
նոր հանդերձների կորուստը սգաց`
անսփոփ սրտով ու հիասթափված:

Բերնարդոնեն, ո՜չ, ժլատ չէր հարկավ,
իր որդու համար նա չէր խնայել
երբեք ոչ մի բան,
այլ հիմա նրան թվաց անվայել
արարքը որդու անշնորհակալ,
որ հրաժարվել, իրեն չէր պահել
այնքան թանկ առած իր նվերն անգամ:

Իսկ երբ Ֆրանչեսկոն մեղմորեն ասաց,
որ որոշել է ծառայել Աստծուն,
խոցեցին նրան բառերը լսած,
և որոտաց նա ահեղ, անզիջում.
«Աստծու՞ն ծառայելա՜խ դու սրիկա՛,
կզրկեմ ես քեզ ժառանգությունից,
կքշե՛մ տնից, արև՜ս վկա,
թե ետ չկանգնես տխմարությունից
և գործդ լքես առևտրական:
Հենց վաղը բարձի՛ր թոփերը ձիուն
և Ֆոլինիո տար վաճառքի համար
ու էլ չհանե՛ս ձայն ու ծպտուն,
եթե չես ուզում քոթակ ստանալ»:

Բերնարդոնեի խիստ խոսքերից ու տեսքից վախեցած`
Մադոննա Պիկան նույնպես համոզեց,
որ որդին հորը մնա հնազանդ
և անի ճիշտ այն, ինչ հայրը ուզեց:
Եվ առավոտ վաղ
Ֆրանչեսկոն ձիով Ֆոլինիո մեկնեց:

Մի քանի ամիս նա այդ գործին էր.
Իրացնում էր մետաքսի թոփեր,
եկամուտը ողջ տալիս էր հորը,
վերջինս էլ կարծես էլ դժգոհելու,
հանդիմանելու առիթներ չուներ:

Որդին դարձել էր խոնարհ ու հլու,
միայն մերթ ընդ մերթ
զմայլանքի մեջ անշարժանում էր,
հայացքը հառում անորոշ կետի:

Հաճախ էլ գնում, առանձնանում էր
մթին անձավում կամ ափին գետի,
մրմնջում երկար աղոթքի խոսքեր,
մտասևեռվում, ունկնդիր լինում զարկերին սրտի:
Սիրում էր նաև սաղմոսներ երգել,
որ իր մորից էր վաղուց սովորել,
և երբ խաղաղվում, հանգստանում էր,
վերադառնում էր խանութի գործին:

Փորձում էր նաև
հավաքել իր շուրջ հին ընկերներին,
որոնք Ապուլիո չէին գնացել,
և տրվել նախկին ճոխ խնջույքներին,
բայց ինքն այլևս առաջվանը չէր:

Զգում էին դա և ընկերները,
բայց անզոր էին նրան հետ բերել:
Չէին հասկանում իր հանկարծահաս մտորումները
և թե ինչ վիշտ է իր սրտին տիրել:
Նախկինում եթե սիրում էր ման գալ
գունագեղ ու ճոխ իր հագուկապով,
հիմա հագնում էր շատ սովորական
և մեջքին շքեղ գոտի չէր կապում:

Սկսեց նույնիսկ հագնել տակից քուրձ,
հրաժարվեց ճոխ կերակուրներից,
զզվանք էր հայտնում հիմա անթաքույց
խորոված մսից, մսապուրներից:

Ինքն էլ չգիտեր սրտի ուզածը,
իսկ Ձայնը լուռ էր, ոչինչ չէր ասում,
միայն մերթ ընդ մերթ, ինչպես կայծակը,
պայծառ լույսեր էր տեսնում երազում:
Գիտեր, որ Տերը փորձում է իրեն
անսպասելի շրջադարձերով,
ուստի ձգտում էր ուշադիր լինել,
միշտ անբիծ մնալ, հանդուրժող, ներող:

Պատահեց այնպես, որ հայրը նրան
առևտրի գործով ուղարկեց Հռոմ:
Ուղեկցեց նրան Բազիլիո ծառան,
Հռոմ գնացին ճոխ ապրանքներով:
Վաճառքի գործը գնաց շատ հաջող,
որից ինքն էլ իր ճոխ բաժինն ուներ,
ուստի որոշեց իր սրտի կոչով
եկամուտը սուրբ գործի նվիրել:

Երբ սուրբ Պետրոսի դամբարանի մոտ
նա վկա դարձավ, թե որքան քիչ են նվիրաբերում,
հանգանակի մեջ իր քսակը լի
նա նետեց, որքան կարող էր, հեռու,
որ դրամների զնգոցը լսվի
ունևոր մարդկանց գոց ականջներում:

Հետո արարքից ցուցադրական
նա խիստ փոշմանեց,
քանի որ աղքատ կնոջը հիշեց կտակարանի:
Ուստի անհապաղ
շքեղ թիկնոցն ու շապիկը հանեց
և նվեր տվեց մի մուրացկանի:

Ծառան` Բազիլիոն, որքան էլ ջանաց, չկարողացավ
նրան հետ պահել, որ չխառնվի
մատուռի մուտքի մուրացկաններին
և չնմանվի նրանցից մեկին` իրեն մոռացած:

Ֆրանչեսկոն խիստ վճռականորեն մտադրվել էր
կարծես անց կենալ ասեղի ծակով,
քանզի սուրբ Գրքում այն, ինչ գրվել էր,
նա ընդունում էր խորին հավատով ու պատկառանքով:
Եվ երջանիկ էր, գոհ էր իրենից, որ ընդունակ է
հանուն Աստծո զոհել ամեն ինչ,
հանել վրայից վերջին շապիկը
և զիջել աղքատ որևէ մեկին:

Եվ այնուհանդերձ, երբ պահն էր արդեն
նորից Ասիզի վերադառնալու,
Բազիլիոն նրան մի կերպ համոզեց
մի ձեռք նոր հագուստ նորից գնելու,
որ երբ հասնեն տուն,
Բերնարդոնեի աչքին չերևան դերերով փոխված.
որդուն չտեսնի որպես մուրացկան,
իրեն՝ տեր  դարձած:

Մի ուրիշ անգամ, երբ Ֆրանչեսկոն
վերադառնում էր հաջող ընթացած առևտրի գործից
հարթ դաշտով, ձիու սանձը բաց թողած,
անշտապ, հանդարտ, մտքի մեջ սուզված,
հանկարծ բոժոժի մեղմ ծլնգոցներ հասան ականջին,
և տեսավ դեմից եկող բորոտի`
հյուծված վերքերից և անբույժ խոցից,
ցնցոտիավոր, ողջ մարմնով կքած ծուռ ձեռնափայտին:

Զարհուրեց մի պահ և սանձը ձգեց,
որ բորոտն ազատ իր ճամփով անցնի,
սակայն վերջինս թվաց հարազատ,
մոտ ու սիրելի դարձավ իր սրտին:
Ուստի անհապաղ իջավ նա ձիուց,
ու փարվեց նրան, ձեռքը համբուրեց,
արծաթ դրամներ հանեց իր գոտուց,
և կարեկցանքով բորոտին տվեց:
Բորոտն օրհնանքի խոսքեր մրմնջաց,
և զգացվում էր, որ անչափ գոհ է:

Հետո երբ ինքը կրկին ձին հեծած առաջ ընթացավ,
հայացքը շրջեց, որ նորից նայի...
Ապշեց տեսածից, սաստիկ զարմացավ,
քանզի չորսբոլոր դաշտ էր ամայի:
Բորոտը կարծես հօդս էր ցնդել,
շուրջը մարդ չկար իրենից բացի:

Ֆրանչեսկոյին պարզ դարձավ արդեն,
որ ենթարկվել է Տիրոջ նոր փորձին:
Եվ նրա հոգին լցվեց բերկրանքով,
երջանկությունը պարուրեց նրան,
շուրջը ամեն ինչ լցվեց նոր կյանքով,
և ինքն ուզում էր իր ողջ էությամբ ծառայել դրան:

Եկավ ու պատմեց մորը այդ մասին,
մադոննա Պիկան հուզվեց ոչ պակաս,
և արտասվեցին նրանք միասին,
քանզի հրաշք էր այդ դեպքն անկասկած:
Մադոննա Պիկան, որդու խնդրանքով,
հանձն առավ հորը ոչինչ չպատմել:

Պիետրոն, երբ եկավ, տարակուսանքով
ուսերն էր թոթվում, փորձում սփոփել,
թեև չիմացավ, թե մայր ու որդի ինչու են հուզվել`
ձայն-ձայնի տալով այդպես սրտաշարժ:

Եվ դեպքն այդ եղավ երկուսի համար անմոռաց նշան,
որ Ֆրանչեսկոն ճիշտ է ընթանում,
որ Տերը միշտ կա, ներկա է նրա կողքին անբաժան,
և նրան անշեղ վերև է հանում:

Հաջորդ օրն ևեթ Ֆրանչեսկոն գնեց
բուժիչ քսուքներ ու սպեղանի,
որ հետը տանի
բորոտանոցը, որ գտնվում էր
անտառի խորքում մեկուսի մի տեղ,
քանզի աներկյուղ մտադրվել էր,
որ բորոտների խոցերը մաքրի, լվանա սրբի,
նրանց վերքերն ու վշտերն ամոքի:

Այդպես էլ արեց, որից հետո էլ
համբուրեց վերքոտ ձեռքերը նրանց`
բոլորին տալով մեկական դրամ:
Բայց այն բորոտին, որ պատահաբար
նախորդ օրն ինքը տեսել էր դաշտում,
բորոտանոցում փնտրեց, չգտավ,
Եվ համոզվեց նա ևս մեկ անգամ,
որ Տիրոջն է հենց տեսել այդ դաշտում:

Այժմ պահն է, որ խոսենք այն մասին,
թե ինչպես եղավ, որ Ֆրանչեսկոն
սուրբ Դամիանոսի եկեղեցու մեջ
տեսավ ու լսեց Իրեն` Հիսուսին:

Մի զով երեկո,
երբ հոր պատվիրած գործարքն ավարտել
և Ֆոլինիոյից գալիս էր նա տուն,
հանկարծ որոշեց
նախքան հարազատ քաղաք մտնելը
աղոթել խարխուլ այդ եկեղեցում:

Ներսում մթնել էր,
և վանականից ճրագի համար առատ յուղ գնեց,
որ վառի Տիրոջ խաչարձանի մոտ:
Աղոթքի պահին նրան պարուրեց
մի արտասովոր ջերմեռանդություն,
և աչքն արցունքոտ
նա խաչարձանից երկար չէր կտրում:

Արձանը հանկարծ սկսեց շարժվել,
դիմագծերը կենդանի դարձան,
Ֆրանչեսկոն մի պահ սոսկաց ու հուզվեց,
աղոթքը թողեց, լուռ անշարժացավ:
Խաչի Հիսուսը շարժեց շուրթերը,
բայց Ձայնը կարծես լսվում էր ներսից:
Տարակույս չկար, խոսում էր Տերը,
խաչի չորսբոլոր հեղեղ էր Լույսի.
«Ֆրանչեսկո, նայիր քո շուրջը հապա,
Տունն իմ խարխուլ է ու ավերակված.
վերաշինելը քեզ է վիճակված,
գտի՛ր այդ գործի համար ճանապարհ»:

Արձանը նորից լուռ անշարժացավ,
և Ֆրանչեսկոն իր շուրջը նայեց, պատերը զննեց:
Ծեփը թափվել էր խարխուլ պատերից,
ճեղքեր կային մեծ, կար նաև փլվածք.
թվում էր` թեթև երկրաշարժ լիներ,
եկեղեցին այդ իսպառ կավերվեր:

Անչափ մտահոգ, բայց և Հիսուսի կամքը սրբազան
կյանքի կոչելու վճռականությամբ՝
Ֆրանչեսկոն լուռ մթնով տուն հասավ,
իսկ առավոտյան, կերպասները թանկ
ձիուն լավ բարձած, կրկին Ֆոլինիո տարավ վաճառքի:

Դրամագլուխ հավաքվեց կարգին,
թեև քիչ թվաց ծախսերի համար,
որ եկեղեցու վերականգնումը գուցե պահանջեր,
ուստի և առանց մի երկմտանքի
նա Ֆոլինիոյում վաճառեց և ձին,
ապա փողերը դրած գոտու մեջ,
երեկոյան դեմ սուրբ Դամիանոսի
խարխուլ ու ծռված դռնակը բացեց:

Վանականն այնտեղ իր խցում անհոգ
զբաղված էր իր աղքատ ընթրիքով:
Ֆրանչեսկոն լուռ մտավ նրա մոտ,
փողի քսակը ցույց տվեց փութով:

Սա ի՞նչ է, որդյա՛կ, ինչի՞ համար է
Պա՛դրե, երեկվա իմ ջերմ աղոթքը հազիվ ավարտած`
կենդանի խոսքով խաչի վրայից Տերը կամեցավ,
որ վերաշինենք իր այս տաճարը.
ուստի օգնի՛ր ինձ գտնել քար ու կավ,
բանողներ վարձել, որքան կարիք կա,
և անմիջապես, անհապաղ գործել:
Եթե այդ գործը հանկարծ ուշանա,
Գիտեմ, մեր Տերը շատ կվշտանա:

Տերն այդ ամենը երազու՞մ ասաց
Չէ՛, չէ՛, արթմնի, երբ իմ աղոթքը ես ավարտեցի:
Այստե՞ղ, երեկվա աղոթքից հետո՞ես ճի՞շտ լսեցի
Պա՛դրե, հավատա՛, ճշմարտություն է, ինչ որ ասացի:
Սպասի՜ր հապա, ասա՛ ինձ խնդրեմ, այս ի՞նչ փողեր են.
իր հոժար կամքով հա՞յրդ է նվիրել սուրբ եկեղեցուն:

Հորս ապրանքն եմ վաճառել, պա՛դրե,
բայց իրավ է, որ հայրս տեղյակ չէ
Տիրոջ սուրբ կամքին.
կարծում եմ, պա՛դրե, որ դա այս պահին շատ կարևոր չէ,
ավելի լավ է, դառնանք մեր խնդրին:

Օ, ո՜չ, որդյա՛կ իմ, նախ` փողն այս քիչ է,
Հետո` ես շատ լավ գիտեմ Բերնարդին.
մինչև չիմանամ նրա կարծիքը,
քո ասած գործին երբեք չեմ գնա
Պա՛դրե, սիրելի՜ս, դու անհո՛գ մնա,
իմ հորը շուտով ես կհամոզեմ:
Հենց որ համոզես, կգաս` կխոսենք,
Իսկ հիմա ելիր ու ձեր տուն գնա:

Պա՛դրե, չե՜մ լքի այս եկեղեցին,
մինչև չտեսնեմ գործն ընթացքի մեջ.
վերցրու գումարն այս ու գործի՛ գցիր,
ոչ թե բորբոքիր անիմաստ մի վեճ:

Ո՛չ, Ֆրանչե՛սկո, փողերդ պահի՛ր,
Թե չէ պատմություն կդառնան գլխիս.
Նախ գնա և քո հոր սիրտը շահիր,
որ հոժար կամքով ձեռ քաշի փողից,
ինչը, կարծում եմ, դժվար թե անի

Եվ  Ֆրանչեսկոն էլ չհամբերեց,
քսակն իր առավ և պատուհանից
եղած-չեղածով դեպի դուրս նետեց.
Պա՛դրե, գոնե թող այստեղ մնամ ես,
աղոթեմ երկար, ջերմեռանդորեն,
մինչև պարզ դարձնի ինձ Տերը շուտով,
թե ուրիշ ինչ քայլ ես պիտի անեմ,
որ Իր սուրբ կամքը լինի քո սրտով:

Դու՛ գիտես, որդյա՛կ, թե կուզես, մնա,
Միայն թե ձերոնք կանհանգստանան

Եվ Ֆրանչեսկոն պառկեց հուսահատ
անկյունում փռված խսիրի վրա,
պադրեն էլ բերեց մի քուրք հնամաշ,
բարի քուն մաղթեց ու ծածկեց նրան...

«Խարիսխ ու խաչ» ժողովածուից, 2012 թ.

Комментариев нет:

Отправить комментарий