четверг, 6 сентября 2012 г.

Սահմանադրական Խորհրդի ընթացիկ աշխատանքի մասին

Չնայած սոցիալական կայքերում և համացանցի հայալեզու լրատվական էջերում բազմաթիվ կոչեր հնչեցին, որ պատեհ պահն ու ճիշտ ժամանակն է գործող կառավարության մակարդակով հռչակելու հայ ժողովրդի նվիրական երազանքներից մերձավորագույնի՝ ՀՀ և ԼՂՀ միավորման գործընթացի սկիզբը, երեկ հրապարակված ԱԺ հայտարարությունը հաստատեց այդ կառույցի ամլությունը և լիակատար ավելորդությունը: Մասնավորապես, ԱԺ նորընտիր կազմն ինքը ոչ մի հստակ քայլ կամ գործողություն չձեռնարկելով հանդերձ՝ փոխարենը հստակ գործողություններ է ակնկալում օտար կառավարություններից, ինչպես դա երևում է հայտարարության 5-րդ կետից:
Այսօր մեզ վեհաթռիչք Արծիվներ և հաղթաքայլ ու արիասիրտ Առյուծներ են պետք:
Բարեբախտաբար, Սահմանադրական Խորհուրդը (ՍԽ), որի ծնունդն ու ընտրյալ կազմն ավետվեցին օգոստոսի 21-ի Հռչակագրում, արդեն սկսել է իր անկասելի ու հաստատաքայլ գործունեությունը: ՖԲ-ի էջերից մեկում արդեն ներկայացված են ՍԽ Ընտրյալ անդամներից մեկի՝ մեծարգո Դավիթ Միրզոյանի սահմանադրական նախադրույթները կամ թեզերը, որի լույսի ներքո արդեն սկսվել է շահագրգիռ քննարկում: Նմանատիպ քայլեր են նախատեսված նաև ՍԽ մյուս Ընտրյալ անդամների կողմից: Մասնավորապես՝ իմ այս կայքի հաջորդ էջը նվիրված կլինի մեծարգո Ռոմեն Եպիսկոպոսյանի կողմից տպագրության հանձնված «Կանչ» գրքի որոշ հատվածների հրապարակմանը: Մոտ օրերս նույնանման հրապարակում է ակնկալվում նաև մեծարգո Լևոն Դռնոյանի կողմից: Մեծ հույսեր ենք փայփայում, որ մեր ժողովրդի բոլոր արժանավոր ու կարող ուժերը շահագրգիռ քննարկումներ կծավալեն այդ հրապարակումների շուրջ:
Երկու խոսքով հարկ է անդրադառնալ նաև 12-ի Խորհրդի կազմավորման կարևորագույն խնդրին, որի մասին թռուցիկ ակնարկ կար  օգոստոսի 21-ի Հռչակագրի վերջնամասում: Լրացուցիչ պարզաբանման կարգով հարկ է այստեղ հավելել, որ այդ Խորհրդի կազմը կհրապարակվի միայն և միայն ՀՀ և ԼՂՀ միացյալ Սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեով ընդունելուց հետո: Ըստ էության, այդ Խորհրդի կազմը ոչ թե ընտրվելու է, այլ երևալու է, երբ կամոքն Աստծո Սահմանադրության ընդունման գործընթացը բարեհաջող ավարտված լինի: Այս հարցի շուրջ որոշակի պարզաբանումներ  կան նաև Ռ. Եպիսկոպոսյանի «Կանչ» գրքի այն հատվածներում, որոնք կհրապարակվեն հաջորդիվ:
Բոլոր նրանք, ովքեր կանխավ իրենք իրենց կամ իրենց համախոհներից, բարեկամներից, ընկերներից որևէ մեկին արդեն «տեսնում  են» 12-ի Խորհրդի կազմի մեջ, դրանով իսկ դրսևորում են իշխանամոլություն, մեծամտություն և պառակտիչ հակումներ: Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսինները սովորաբար սպանում են «վիշապին» և հենց իրենք հայտնվում նույն «վիշապի» դերում:
Ըստ իս, այդ առումով կասկածելի դեր է ուզում խաղալ նաև ֆբ-ի նորաստեղծ «12-ի խորհուրդ» խումբը, որի նախաձեռնողներն ինձ առայժմ անհայտ են: Բայց չշտապենք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
Ներկայիս գործընթացներն այնքան հուսադրող են, որ կարելի է անփոփոխ չհամարել նաև «12» թիվը: Մանավանդ, որ ՍԽ Ընտրյալ անդամներից մեկը՝ մեծարգո Ռոմեն Եպիսկոպոսյանը «40» թիվն է ավելի ճիշտ համարում: Անշուշտ, ուրախալի կլինի, եթե պարզվի, որ հայ ազգն իր ծոցից ավելի շատ իմաստուն այրեր և տիկնայք է ծնել, քան առ այսօր ակնկալում էինք, որ կունենանք...

Комментариев нет:

Отправить комментарий