суббота, 8 сентября 2012 г.

Խոհեր, որ ունեցա երկու տարի առաջ...



Գլխիվայր շրջված արժեհամակարգ,
 և  թե ինչպես այն բերել իր բնական դիրքին
(ընթացիկ խորհրդածություն)

«Ով աչք ունի՝ կտեսնի, ով ականջ ունի՝ կլսի...»
Չհասկացված Ուսուցչի
վարդապետությունից

Մարդկության պատմության վաղնջական ժամանակներում արքաներն ու բարձրագույն քրմերը համարվում էին իրենց ազգի համար և իրենց երկրի սահմաններում Աստծո տեղապահներ:
Ոսկեդարի ավարտից հետո արքաներն աստիճանաբար սկսեցին երկրի վրա իրենք իրենց  Աստծուն հավասար համարել և նվաճել Երկնավորի կողմից այլ ազգերին հատկացված բնօրրանները:
Ներկայիս երկաթե դարում զանազան մանր ու մեծ իշխանավորներին թվում է, թե Աստված ընդամենն իրենց տեղապահն է Երկնքում, իսկ իրենց լիակատար իրավունք է վերապահված սեփական կրքերի բավարարմանն ու շահերին ծառայեցնելու այլոց սրտերը, մտքերն  ու գործերը:
Այսքանը՝ որպես նախաբան. հիմա անցնենք բուն նյութին:

Մեր օրերում որտե՞ղ է առավել ցայտուն երևում հասարակության բարոյագաղափարական արժեհամակարգի գլխիվայր շրջված լինելը: Անշուշտ, զանգվածային լրատվական միջոցների կողմից ընդունված գերակայություններում՝ այն բանում, թե առաջնահերթ կերպով ինչի՞ վրա են նրանք բևեռում լայն զանգվածների ուշադրությունը:
Զանգվածային տեղեկատվության միջոցները միայն արտացոլու՞մ են ներկայումս տիրող արժեհամակարգը, թե՞ հենց իրենք են ձևավորում այն: Առայժմ մի կողմ թողնենք հավի ու ձվի չարչրկված հարցին նմանվող այս հարցադրումը և դիտարկենք միայն մերկ փաստերը:
Լրատվական միջոցների մի մասը պետականի կարգավիճակ ունի և, ըստ էության, կոչված է ներկայացնելու կամ պաշտպանելու իշխանական կառույցների պաշտոնական տեսակետներն ու արժեհամակարգի գերապատվական սանդղակը: Մյուս մասը լրատվական այն միջոցներն են կազմում, որոնք կա՛մ իրենց ազատ ու անկախ են համարում, կա՛մ էլ ներկայացնում են այս կամ այն առանձին կուսակցության շահերն ու տեսակետերը: Վերջիններս, թեև հաճախ տարբերվում են իշխանական կամ պաշտոնական տեսակետերից, բայց և այնպես այդ լրատվամիջոցները նույնպես ցավալիորեն առաջնորդվում են արժեհամակարգի այն նույն գերապատվական սանդղակով, որով առաջնորդվում են իշխանական լրատվամիջոցները: Այս հանգամանքից ելնելով՝ ժողովուրդն արդեն իսկ կարող է իր համար կարևոր մի հետևություն անել: Այն է՝ եթե հանկարծ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իր կյանքը դրանից որևէ կերպ չի փոխվի. ո՛չ դեպի լավը, ո՛չ դեպի վատը: Ինչու՞: Որովհետև բարոյագաղափարական արժեհամակարգն այդ դեպքում կմնա նույն, գլխիվայր շրջված վիճակում:
Անկախ այն բանից, թե ո՞ր թևի լրատվությունն ենք դիտում կամ ունկնդրում, այն անպայմանորեն սկսվում է իշխանական, պետական ու եկեղեցական կառույցների առօրյայում տեղի ունեցած ներքին ու արտաքին իրադարձությունների ներկայացմամբ ու լուսաբանմամբ: Ընտրվող ու հեռարձակվող լուրերի գերակշիռ մասն առնչվում է արտաքին աշխարհի, առավելապես անբարյացակամ հարևանների հետ ունեցած հաջող կամ անհաջող իրականացված առճակատման հարցին:  Իշխանամետ թևը դրանք ներկայացնում է անառարկելի դրական լույսի ներքո՝ լի արժանապատիվ հարգանքով ու հպարտությամբ, իսկ մյուս թևը դրանց վերաբերվում է հեգնախառն քամահրանքով ու սառնությամբ: Այսպիսով, երկու դեպքում էլ ամենաառաջնային ու կարևոր բանը, լինի դա սքողված, թե անսքող կերպով արտահայտված` իշխանությունն է և իշխանական լծակներին տիրապետելը:
Դրանից հետո հերթը հասնում է տնտեսական անցուդարձի լուսաբանմանը: Այստեղ անմիջապես ուշադրության կենտրոնում են հայտնվում «ստվերի» կամ կոռուպցիայի անխուսափելի առկայությունը, դրա դեմ կիրառվող հուսահատ ճիգերն ու վախվորված փորձերը, գովաբանվում կամ թեթևակի պախարակվում են առանձին «օլիգարխներ», կոռուպցիայով վարակված լինելու մեջ կասկածվում են մանկապարտեզներն ու դպրոցները և գործուն միջոցներ են քննարկում դրա առաջն առնելու համար, քննարկվում և լուսաբանվում են պետական բյուջեի ելքն ու մուտքը և դրանում առկա միջոցները մսխելու խորհրդարանական (և ոչ միայն) արդյունավետ եղանակներն ու փաստերը և այլն, և այլն: Հա, Ճի՛շտ եք ասում. մոռացության չի մատնվում նաև գյուղացիների թշվառ վիճակն ու անբարենպաստ եղանակի պատճառով նրանց կրած բազմազան վնասները հանրությանը ներկայացնելու գործը, որպեսզի քիչ թե շատ «խելացի» մարդիկ, մանավանդ քաղաքաբնակները, այդ անշահավետ բնագավառից, որքան հնարավոր է, հեռու մնան: Այսպիսով, երկրորդ կարևոր արժեքը փողն է, և այն առատորեն վաստակելու թոհուբոհի մեջ կողքից նախանձով դիտողներին առավելագույնս ներգրավելը: Եթե խոշորին ձեռքդ չի հասնում, ապա զբաղվիր գոնե միջին, մանր կամ թեկուզ միկրո-բիզնեսով (պարզվում է, որ դա էլ է արդեն հորինվել-պրծել՝ եվրոպական երկրներից պակաս չմնալու համար. հերթը նանո-բիզնեսինն է, երևի...):
Երրորդ պատվավոր տեղում դատական գործընթացների ու վեճերի լուսաբանումն է, որին երբեմն զուգակցվում կամ հետևում է նաև ներքին ու արտաքին քրեական աշխարհների նորությունների ու նորարությունների մասին հայ հանրությանը տեղյակ պահելու «սուրբ» գործը: Ինչու՞ զուրկ մնան, թող իմանան, որպեսզի հարկ եղած դեպքում ավելի ճարպիկ գործեն և անպատիժ մնան: Ի վերջո, բոլորը չէ, որ բռնվում և պատժվում են: Այսպիսով, հաջորդ կարևոր բանը փոխադարձ մեղադրանքները, պատիժներն ու դրանցից խուսափելու եղանակներն են, որոնց մասին, չգիտես ինչու, բոլոր մարդիկ անպայմանորեն պետք է իրազեկ ու քաջատեղյակ լինեն:
Չորրորդ պատվավոր տեղում միանշանակ (քաղաքագետների, պաշտոնատար անձանց ու գործարարների այսօրվա սիրած բառն է՝ երեկվա արդեն հնացող «դաշտերից» ու «խաղի կանոններից» հետո: Դե, եթե առաջ տարբեր դաշտերում միայն խաղեր էին խաղում և դրանց կանոններն էլ բարեխղճորեն պահպանում էին, ապա հիմա հանգի՜ստ կացեք, միանշանակ ամեն ինչ լավ է ընթանում...) փնովվում ու թերագնահատվում է հարևան երկրի ուժն ու զորությունը, որպեսզի դրա կողքին մե՛րը փառաբանվի և առավել հզոր երևա: Պատկերավոր ասած՝ իրենք կոտորվելով շատանում են, իսկ մենք՝ կոտորելով քչանում (դեմիրճյանական իշխան Սաքոյի ասույթներից է):
Դրան զուգահեռ կամ դրանից հետո հերթը հասնում է բազկի ուժի օգնությամբ հայրենիքի պատիվը բարձր պահողների ու նրանց հովանավորների փառաբանմանը: Անափ հիացմունքով ներկայացվում է, թե այս կամ այն միջազգային մրցույթում հանրապետության դրոշը քանի սանտիմետր է ավել բարձրացվել մյուս երկրների դրոշների հետ համեմատած: Քանի՞ ազնիվ մետաղ ենք բազկի ուժի անիմաստ լարումով վաստակել, և ի՞նչ հույսեր կարող ենք փայփայել հետագա մրցույթներում դրանց քանակն անշեղ ավելացնելու առումով:  Այսպիսով, պայմանականորեն ընհանրացում անելով՝ կարող ենք ընդունել, որ չորրորդ գերակա հորիզոնականում բազկի ուժն է:
Դրանից հետո սկսվում են թռուցիկ ու կարճատև ակնարկները որոշ «անկարևոր» նորությունների վերաբերյալ, որոնք ինչ որ հրաշքով դեռևս երբեմն-երբեմն ի հայտ են գալիս արվեստի կամ գիտության բնագավառում: Մեկ-մեկ պատահաբար ու միամիտ հիշվում է նաև Աստծո գոյության մասին, երբ ցուցադրվում կամ լուսաբանվում են երկրագնդի տարբեր ծագերում տեղի ունեցած տարերային կամ բնակլիմայական աղետների սրտաճմլիկ տեսարաններն ու դեպքերը: Ընդ որում, դրանք հաճախ ներկայացվում են այնպիսի հանգիստ և անխռով տոնով, կարծես մենք արտոնյալ վիճակում ենք, և նման բաները մեզ երբևէ հազիվ թե սպառնան:
Մինչդեռ թե՛ երկրի նախագահը, թե՛ կաթողիկոսը, թե՛ «օլիգարխները» և թե՛ մարզիկները նույնքան անզոր են հանկարծահաս տարերքի ուժի դեմ (Աստված մի՛ արասցե), որքան մանուկն օրորոցում: Այստեղից էլ հենց ծագում է գլխիվայր շուռ տրված արժեհամակարգն իր բնական վիճակին բերելու հրատապ անհրաժեշտությունը:

Հիմա կարծում եմ, որ հարգարժան ընթերցողն ուրախ կլինի, եթե դիտմամբ խտացված և ճնշող մռայլ գույներից վերջապես անցում կատարեմ ավելի լուսավոր և, ըստ իս՝ ավելի օգտակար գաղափարներին ու մտքերին: Ուստի կփորձեմ կառուցել  և ընթերցողի դատին ներկայացնել բարոյագաղափարական արժեհամակարգի ավելի ճիշտ սանդղակ՝ ամենևին չպնդելով դրա անսխալական, կատարյալ կամ վերջնական լինելու թեզը:
Նախ մի փոքր խոսենք հեռարձակվող հաղորդումների հենց ամենասկզբի մասին: Ներկայումս սովորաբար ի՞նչ է արվում. լուրեր ներկայացնողը «սիրելի հայրենակիցներին» կեսբերան բարի լույս կամ կեսբերան բարի երեկո մաղթելուց հետո, անմիջապես «անոնս»-ի արագ փոփոխվող կադրերի ու կցկտուր խոսքերի շարանի միջոցով իր հաղորդմանը հաղորդակից լինողին «էն գլխից» դնում է քաոսային, կարկամ ու հարմարվողական վիճակի մեջ, որպեսզի հետագայում ինչ էլ ասվի ու մեկնաբանվի, վերջինս դրանք ընդունի հալած յուղի տեղ: Արդեն փորձված և բավականին հաջող գործող հնարք է, միայն ափսոս, որ շատերին հայտնի չէ, թե ով է այդ և նմանատիպ մյուս հնարքների ծպտյալ ու բանսարկու հեղինակը:
Ո՞րն է դրա լուսավոր հակակշիռը. իհարկե՝ աղոթքն առ Աստված (Սիրով ու ներողամտորեն հրաժեշտ տանք սույն խորհրդածության հետագա ընթերցումը դադարեցրած անձանց և շարունակենք): 
Ի՞նչ եմ առաջարկում: Ամեն մի հաղորդումից առաջ, որը տվյալ հեռուստաընկերությունն առանձնապես կարևոր է համարում, հոգեպարար ու հանդարտ երաժշտության ուղեկցությամբ նախ հեռարձակել որևէ հայտնի ասմունքողի կամ դերասանի կողմից արտասանվող «Հայր մեր»-ը (ցանկալի է՝ աշխարհաբարի վերածած), առանց աղոթք կարդացողի դեմքը ցուցադրելու: Փոխարենն ավելի ցանկալի կլինի, որ միայն լուսառատ երկինք և բարձրաբերձ լեռներ երևան էկրանին: Ինչու՞ հենց այսպես. որովհետև, եթե, ասենք, աղոթք կարդացողը բոլորի կողմից հարգված Սոս Սարգսյանն է, և երևում է էկրանին՝ իր ազդեցիկ կերպարանքով, ապա շատերը (ոչ բոլորն, իհարկե), փոխանակ հաղորդակից լինելու բուն աղոթքին, ինքնաբերաբար մտովի կհայտնվեն  մի այլ անցանկալի ոլորտում, մտածելով մոտավորպես այսպիսի բաներ. «Խե՜ղճ Սոս Սարգսյան, ինչքա՜ն է ծերացել...  Ո՞վ է իր տեղը բռնելու. ախր այդ կարգի լավ դերասան չի մնացել...»: Եվ նմանատիպ  «դեղին», բայց բնավ ո՛չ լուսավոր բաներ, որոնք որևէ կապ չունեն աղոթքի և նրա օգտակար ազդեցության հետ, այլ, ընդհակառակը՝ շատ առումներով վնասաբեր կարող են լինել: Չեմ բացառում, որ հենց ինքը՝ Սոս Սարգսյանը, հանձն չառնի եթերից աղոթել, քանզի աղոթքը ներանձնական բան է: Սակայն մարդկային լայն զանգվածների միաժամանակյա մասնակցությունը միևնույն աղոթքին՝ նույնիսկ այն դեպքում, եթե այն ընդամենը ձայնագրություն է, հզոր ուժ է երկրում տիրող համատարած նյութապաշտական մթնոլորտը զուլալ վիճակի բերելու համար, իսկ դա իր հերթին տարերային աղետները կանխելու ամենագործուն միջոցներից մեկն  է, որքան էլ որ ժամանակակից «գիտուններն» ու անգետները թերահավատ լինեն դրա նկատմամբ:
Հետագա լրատվությունն անհրաժեշտ է շարունակել հայրենի բնաշխարհից հարազատ ու գեղեցիկ կադրեր ցուցադրելով՝ ընդհուպ հասնելով մինչև հեռավոր լեռնային ու սահմանամերձ գյուղերը: Հավատացե՛ք ինձ. որևէ հասարակ շինականի արարման բերկրանքի մասին լուր հաղորդելն ու այդ բերկրանքը նրա հետ կիսելն ավելի արժեքավոր լուր է, քան այն, թե օրվա այսինչ ժամին դեպի ո՞ր հերթական երկիրն է ուղևորվելու երկրի նախագահը կամ վարչապետը: Ներկա արժեհամակարգը դեռևս ճիշտ համարողներն ու պաշտպանողներն անմիջապես կասեն. «Հարգելի՛ս, մի՞թե դրանք համեմատելի բաներ են իրենց կարևորությամբ»: Ասեմ, որ ես էլ եմ համամիտ, որ համեմատելի չեն, բայց նախապես դրանց տեղերն ըստ կարևորության ետ ու առաջ տանելուց հետո՛ միայն: Առաջինը շատ ավելի կարևոր եմ համարում, քան երկրորդը. մշակի ջանքով հողից ստացված բերքն ու բարիքը ոչ թե միայն նյութական արժեք եմ համարում, այլ դիտում եմ որպես Աստծո արարչությանը  մարդու մասնակցության բնական արտահայտություն: Իսկ եթե դա Աստծո կամքով հաջողվում է և լավ է հաջողվում, ապա դրանից ավելի ոգևորիչ և ուրախալի լուր հազիվ թե գտնվի մարդկանց մատուցելու համար: Այլ բան է, որ մարդիկ իսպառ մոռացել են դրա մասին և արդեն ուրախանում ու սփոփվում են միայն գործարանային ու արտասահմանյան արտադրության բազմապիսի անպետք իրերով, չխչկաններով ու մետաղյա փայլուն տուփերով (Լոսում օթո կըսեն էդոր): Ով որ դրանցից ավելի շատ ունի, նա էլ հարուստ է համարվում ու դառնում նախանձի թիրախ:
Այնուհետև հերթը պետք է հասնի արվեստի և գիտության բնագավառում ձեռք բերված նվաճումներին մարդկանց հաղորդակից դարձնելուն, այդ բնագավառների նշանավոր ու վաստակաշատ գործիչների հոգևոր ու անանց գանձերի վերաբերյալ արտահայտած կարծիքները, խոսքերն ու խրատները ժողովրդին հասու դարձնելուն: Միանգամայն անիմաստ եմ գտնում և ավելորդ՝ այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության մասին հեղինակավոր մարդկանց կարծիքը զոռով կորզելու փորձերը, որոնց հաճախ դիմում են հետաքրքրասեր լրագրողներն՝ ի շահ իրենց տերերի: Համընդհանուր հարգանք վայելող մարդու կողմից մի անզգույշ և ոչ տեղին արտահայտված կարծիքը կարող է ցավալի ու անդառնալի հետևանքների հանգեցնել թե՛ ժողովրդի, և թե՛ այդ կարծիքն արտահայտողի հետագա ճակատագրում: Ասված է՝ կեսարինը տվեք կեսարին, Աստծունը՝ Աստծուն:
Հաջորդ հրատապ հարցը, որի շուրջ պետք է ջանալ անկողմնակալ և հավաստի լուրեր հաղորդել, դա մարդ-բնություն փոխհարաբերության հարցն է՝ մարդկանց առողջության պահպանման և բնապահպանական առկա խնդիրների ընդհանրական համատեքստում: Ի վերջո, ինչպես մենք ենք վերաբերվում բնությանը, այնպես էլ բնությունն է արձագանքում մեր վերաբերմունքին՝ ժամանակ առ ժամանակ մեզ կանգնեցնելով տարատեսակ մանր ու մեծ աղետների և եղանակային անսովոր փոփոխությունների տարեցտարի աճող փաստերի առջև: Ի ուրախություն մեզ, վերջերս երիտասարդության շրջանում կիսատարերային բնույթի շարժումներ են սկիզբ առնում՝ միտված բնության պաշտպանությանն ու բնապահպանական հրատապ խնդիրների լուծմանը գոնե ինչ որ չափով նպաստելուն: Ուստի լրատվության միջոցով պետք է բռնել այդ ողջունելի շարժման զարկերակը և ոչ մի կերպ թույլ չտալ, որ այն մարի իշխանական և այլ ուժերի սքողված կամ բացահայտ ճնշման ազդեցությամբ: Գովելի և օգտակար կլինի նաև, եթե սպորտի աղմկոտ, ծախսատար ու գռեհիկ ձևերին այդքան հաճախ անդրադառնալու փոխարեն ավելի շատ անդրադարձ լինի քաղաքացիական նախաձեռնություններին վերաբերող լուրերին ու դրանց ընթացքին, որովետև այն անհամեմատ ավելի շատ հնարավորություններ է ընձեռում երիտասարդությանը՝ առողջ ապրելակերպի, բնության հետ դաշն լինելու և կենսունակության ամրապնդման առումներով: Իսկ ազնիվ մետաղների համար գերագույն ու վնասակար ճիգերով պայքարող մարզիկների մեծ մասը (բացառությամբ իրենցպեսներին մարզող փոքրաթիվ մարզիչների), մարզական տարիքը լրանալուց հետո դառնում են հիվանդոտ, շիվարում ու բեռ են դառնում հասարակության համար, որովհետև իրապես հոգ չեն տանում իրենց առողջության մասին և չեն հասցնում երիտասարդ, մարզական տարիքում զուգահեռաբար տիրապետել որևէ հանրորեն օգտակար մասնագիտության:
Ինչ վերաբերում է տնտեսության զարգացման հարցերին և այդ բնագավառի վերաբերյալ թարմ լուրեր հաղորդելուն, ապա կարծում եմ, որ ժամանակակից մարդկանց ուղեղներն այնքան են տարված նյութական արժեքներ ստեղծելու և դրանք սպառելու հարցերով, որ դրանից ավել նրանց ուղեղները մթագնելու կարիք այլևս չկա: Մանավանդ որ այնպիսի ճարպիկ ազգ ենք, որ եթե ինչ որ բան հարևանն ունի, իսկ մենք չունենք, հնարավոր չէ, որ վաղ թե ուշ մենք էլ ձեռք չգցենք այդ մեզ պակասող բանը, թեկուզ դրա համար հասնենք մինչև աշխարհի ծայրը: Այս տեսակետից ինձ նաև բոլորովին ավելորդ են թվում այն հսկայական ծախսերը, որոնք գործարար մարդիկ միամտաբար ներդնում են իրենց ստեղծած ապրանքը գովազդելու համար: Գուցե դա դրական դե՞ր է խաղում ուրիշ ազգերի միջավայրում. չգիտեմ: Բայց մեր դեպքում հաստատ գրոշի արժեք չունի: Իզուր մեկմեկու գլուխ ենք ցավացնում, և դա է մեր միակ «շահը»...
Լրատվության վերջնամասում գուցե թե կարելի է թռուցիկ լուրեր հաղորդել ներքին ու արտաքին քաղաքական առավել կարևոր և մեր ժողովրդի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող անցուդարձի վերաբերյալ, բայց երկրի նախագահի ընթացիկ գործունեության վերաբերյալ՝ երբեք: Չինական հին իմաստությունն ասում է՝ լավ է այն թագավորը, որը չի երևում իր հպատակների աչքին, բայց ժողովուրդը զգում է նրա բազկի ուժը: Չինացի չլինելով՝ չեմ կարող չհամաձայնել չինական չափանիշներով ու չափորոշիչներով չափված, չափազանց իմաստուն այդ մտքի հետ: Չոլերը չափչփելուց չափը պահելն ու չեղած տեղը չէժանանալը չեն վնասի արած կամ չարած գործին և չարամիտ ու չարաբաստիկ չարախոսություններ չեն ծնի (այդքանն էլ՝ նվաստիս կողմից, և ո՛չ՝ չինացիների. կարող եմ շարունակել «չ»-երի այս շարանը, եթե հավանեցիք...):
Ինչ վերաբերում է շարքային մարդկանց ու հռչակ ձեռք բերած մարզիկների բազկի ուժը գովերգելուն, ապա կներեք, դա առավե՛լ ևս ավելորդ եմ գտնում: Այդպիսինները ո՛չ միայն ուրիշերի հոգուն ու մարմնին են վնաս հասցնում, այլ նաև հենց իրենց սեփական հոգուն ու մարմնին: Եվ նման մարզասպարեզների ընդլայնումն ու զարգացումը, սեփական անճարակությունն ի ցույց դնելով ու հսկայական ծախսերի գնով դրսից այլազգի մարզիկների ներմուծումը հայերիս առողջության պահպանման ու բարելավման հետ որևէ կապ չունեն: Հաճախ ասում են, թե գերմարդկային ճիգերով մեդալ կամ գոտի վաստակող մարզիկը բարձրացնում է հայ ազգի մարտական ոգին, վերականգնում նրա խաթարված արժանապատվությունն ու բարձրացնում հայի պատիվը: Կարճ ասած՝ նպատակն արդարացնում է միջոցները: Բայց մի՞թե բազկի ուժ ցուցադրելուց բացի այլ կերպ հնարավոր չէ դրան հասնել: Չեմ կարծում, որ դա այդպես է, մանավանդ՝ հեռահար հրանոթների, կործանիչների ու հրթիռների այս դարում: Գուցե այդ փաստարկը ճիշտ էր Տրդատի կամ Վարազդատի՞ օրոք: Իսկ հիմա՝  ինքնանպատակ, անիմաստ ու հնացած մի բան է դա իմ կարծիքով, և միայն ավելորդ ու վնասակար կրքեր է բորբոքում: Բազկի ուժով ձեռք բերված պատիվը բազկի ուժով էլ կընկնի, երբ տվյալ բազկի տերը պարտություն կկրի այլազգի մեկից՝ հիասթափեցնելով ու անհուն վիշտ պատճառելով լարված ու կլանված վիճակում հաղթանակ ակնկալող և, դրանով իսկ իրենց թանկարժեք էներգիան ու ժամանակը վատնող իր հայրենակիցներին ու հարազատներին: Փորձը ցույց է տալիս, որ նման պարտությունն ու տապալումը պարզապես անխուսափելի են ցանկացած մարզիկի կյանքում: Նույնը չենք կարող ասել հոգևոր, անանց գանձի միջոցով ազգի ձեռք բերած պատվի ու արժանապատվության մասին: Այդ ո՞վ կամ ինչո՞վ կարող է նսեմացնել «Նարեկ»-ի համամարդկային արժեքը: Այդ ո՞վ կամ ինչո՞վ կարող է նսեմացնել կամ խաթարել անցյալի մեր մյուս մեծերի՝ բանաստեծների, նկարիչների, գիտնականների, ստեղծած հոգևոր գանձերի համամարդկային արժեքն ու նշանակությունը:
Իսկ ինչու՞ նման բարձր հոգևոր արժեքներ հիմա չկան կամ չեն ստեղծվում: Հետաքրքիր է, ո՞վ է այս հարցը տալիս և՝ ու՞մ: Եթե տողերիս հեղինակն է տալիս ընթերցողին, ապա դժվար թե մոտ ապագայում պատասխան ստանա կամ ինչ որ հրաշքով գուշակի նրա կարծիքը: Եթե ընթերցողն է այդ հարցը տալիս հեղինակին, ապա դրանով իսկ հավակնում է նմանվել այն միամիտ լոռեցուն, ով շոգեքարշի մասին երկար ու բարակ բացատրություններ լսելուց հետո, ի վերջո հարցնում է. «Բա եզնե՞րը որտեղից են լծում...»: Սա, իհարկե՝ կատակի կարգով: Իսկ ավելի լուրջ՝ առաջադրված հարցը (ո՛չ եզներինը, այլ սույն պարբերության սկզբում առաջադրվածը) առնվազն երեք՝ հեղինակի տեսակետից ակնհայտ, բացատրություն ունի: Առաջինն այն է, որ չի կարելի պնդել, թե նման գործեր չկան ու չեն ստեղծվում: Պարզապես դրանք ժողովրդի դատին հանձնողների գլուխը խառն է «ավելի կարևոր ու առաջնահերթ» բաներով, ուստի ջանք չեն թափում, որ դրանք ի հայտ գան և մատուցվեն իրենց օրինական տիրոջը՝ ժողովրդին: Հաջորդ բացատրությունն այն է, որ եթե նույնիսկ դրանք չկան ու չեն ստեղծվում, ապա դրա հիմնական պատճառը երկար տասնամյակներով գլխիվայր շրջված բարոյագաղափարական արժեհամակարգն է, որով հոգևոր արժեքները մշտապես մղվում են հետին (եթե ոչ՝ ամենահետին) պլան: Եվ վերջապես, երրորդ պատճառն այն կարող է լինել, որ ազգովի հասցրել ենք անհուսալիորեն հեռանալ Աստծուց և Նրա կենարար ու բարեշնորհ Սիրուց:


23.02.2010 թ.

Комментариев нет:

Отправить комментарий